ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի ԱԳ նախարարը։

Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում ընթացող աշխատանքներին և գործընթացներին:

Անդրադառնալով բազմակողմ դիվանագիտության դերին և նշանակությանը՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները պայմանավորվեցին առավել գործնական ջանքեր գործադրել՝ միջազգային հարթակներում անդամ-պետությունների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության սերտացման ուղղությամբ:

Նախարար Մնացականյանն արտգործնախարարների ուշադրությանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում վերջին զարգացումները և սեպտեմբերի 23-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդության և մասնակցությամբ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպումը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց ՀԱՊԿ անդամ երկրների միասնական մոտեցումը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման և ամրապնդման գործում՝ այդ թվում ռազմաքաղաքական հավասարակշռությունը չխախտելու միջոցով:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարներն ընդունեցին երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 80-ամյակի կապակցությամբ ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հայտարարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել