Դատախազության կոլեգիայի նիստում քննարկված և համաձայնեցված սկզբունքներից, նպատակներից և խնդիրներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համապատասխան հրամաններ է ստորագրել ՀՀ դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքը, դրան համապատասխանեցված ՀՀ դատախազության նոր կանոնադրությունը, հաստիքացուցակը, ինչպես նաև դատախազության ստորաբաժանումների և դատախազների գործառույթները հաստատելու վերաբերյալ:
Այս մասին հայտնում են դատախազությունից։
Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազության մասնագիտական ստորաբաժանումների նոր կառուցվածքում նախկին 9 վարչությունների փոխարեն ստեղծվել է 12-ը, որոնց մի մասը, ինչպես մինչև այս, մասնագիտացված է ըստ դատախազության սահմանադրական գործառույթների, մյուս մասը՝ ըստ հանցագործությունների տեսակների:
Ըստ այդմ՝ ՀՀ գխավոր դատախազությունում կգործեն հետևյալ մասնագիտական վարչությունները՝
1. Կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչություն
2. Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն
3. Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
4. Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
5. Հասարակական անվտանգության դեմ ուղղված հացնագործությունների գործերով վարչություն,
6. Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչություն,
7. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
8. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
9․ Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչություն,
10․ Պետական շահերի պաշտպանության վարչություն,
11․ Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչություն,
12․ Միջազգային-իրավական համագործակցության վարչություն:
Նման կառուցվածքային մոդելի ընտրությունը պայմանավորված է դատախազության լիազորությունների առավելագույնս արդյունավետ իրականացման, դատախազության ստորաբաժանումներին վերապահված գործառույթների առավել հստակեցման, ըստ հանցատեսակների դատախազության ստորաբաժանումների մասնագիտացումը խորացնելու և դատախազական հսկողության որակն առավել բարձրացնելու անհրաժեշտությամբ: Խնդիր է դրվել կառուցվածքային նման մոդելը լավագույնս ծառայեցնել հանցավորության դեմ պայքարի միասնական քրեական քաղաքակության իրականացմանը, ինչը պայմանավորված է այս ոլորտում Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերներին դիմակայելու հրամայականով:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նաև հրամաններ է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազության նոր ստեղծված մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պաշտոններում նշանակումներ կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ՝
1․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Սիմոնյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
2․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Չախոյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
3․ Արդարադատության առաջին դասի խորհդրական Արտակ Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
4․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
5․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Բիշարյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
6․ Արդարադատության առաջին դասի խորհրդական Րաֆֆի Ասլանյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հացնագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում,
7․ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում,
8․Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Փանոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի պաշտոնում:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախաձեռնությամբ հրավիրվել և անցկացվել է Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են կատարված կառուցվածքային և կադրային փոփոխություններից հետո դատախազության բնականոն աշխատանքները կազմակերպելու, համակարգը հնարավորինս արագ այդ փոփոխություններին համապատասխանեցնելուհետ կապված հարցեր:
Գլխավոր դատախազը շնորհավորել է վարչությունների նորանշանակ պետերին՝ նշելով, որ փոփոխությունները նախանշում են համակարգային բարեփոխումների նոր մեկնարկ, որոնք միտված են Հայաստանում իրավակարգի ամրապնդմանը, մինչդատական և դատական վարույթների ընթացքում դատախազական գործառույթների առավել արդյունավետ և միասնական սկզբունքներով իրականացմանը, քրեական դատավարության մասնակիցների իրավունքների, ինչպես նաև պետական, հանրային և մասնավոր շահերի ներդաշնակության ապահովմանը:
Գլխավոր դատախազը հանձնարարել է հնարավորինս շուտ և առանց վարույթների համար խնդիրներ հարուցելու իրականացնել հսկողության տակ գտնվող քրեական գործերի վերաբաշխման գործընթացը: Առաջնային է համարվել նաև ըստ հանցատեսակների դատախազների մասնագիտացումը, ինչպես նաև ըստ հանցագործության տեսակների և դատախազական գործառույթների՝ հանցավորության շարժընթացի տենդենցների բացահայտմանը, օրինաչափությունների վերհանմանն ուղղված կառուցվածքային ստորաբաժանումների կարողությունների զարգացումը: