Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանին։ Այս մասին հայտնում են 2-րդ նախագահի փաստաբանական թիմից։

«Նշենք, որ Datalex տեղեկատվական կայքից հայտնի է դարձել, որ Ռ․ Քոչարյանի պաշտպանների՝ նրա դեմ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու բողոքը պետք է քննի Մ․ Արղամանյանը։

Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել իր անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները։ Հարկ ենք համարում նշել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին։ Ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հանրահավաքին մասնակցել է ոչ թե հեռավոր ազգական, այլ հենց դատավոր Արղամանյանի որդին՝ Դավիթ Արղամանյանը, որն, ըստ Էթիկայի հանձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրի, իր հետ է բնակվում»։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ. ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել