Հարավային ուղղությամբ, իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, ով հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Այս մասին նշում էին նաեւ միջադեպին ականատես մեր զինծառայողները։ Ալեն Ղուլյանը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։
Ճիշտ է՝ կոչումը եւ զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չի։
Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիեւն է (Qürbət Qürbət oğlu Quliyev)»:
Նշենք, որ Ալեն Ղուլյանը, մասնավորապես, նշել է. «Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 25-ին մահացել է օրեր առաջ Ֆիզուլիի ուղղությամբ վիրավորում ստացած Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիեւը:
Ամենայն հավանականությամբ Գուլիեւը վիրավորվել է հարավ-արեւելյան հատվածում տեղակայված Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ձեռնարկված անհաջող դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, քանի որ խոցման օրն ու սահմանագծի ուղղությունը համընկնում են։
Զինծառայողի կոչումն ու այլ տեղեկություններ ճշտվում են։
Փաստորեն Ադրբեջանի զինուժն այդ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ է ունեցել։
Գուլիեւին այսօր են հուղարկավորել, լուսանկարներն ու տեսանյութը տեղադրում եմ։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունն ինչպես միշտ լռում է»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որեւէ կորուստ չի ունեցել:
Սպանված ադրբեջանցու մարմինը հայկական կողմը հանձնել է Բաքվին։