ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվում են դեղատներում թմրամիջոցի ապօրինի վաճառքի բոլոր հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
Այս մասին տեղեկավնում են՝ քննչական կոմիտեից:
2019թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Ահարոնյան և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկից, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման էր ենթարկվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1991 թվականին: Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ՝ վերջինիս մոտ հայտնաբերվել էր 4 հատ «LYRICA 300mg» գրառմամբ դեղապատիճ:
Առգրավված դեղապատիճները ենթարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փորձագետի եզրակացության համաձայն՝ փորձաքննության ենթարկված «LYRICA 300mg» հաբերի բաղադրության մեջ հայտնաբերվել է «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ /հոգեներգործուն/ նյութ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:
Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 28-ամյա երիտասարդը նշված թմրամիջոցը ձեռք է բերել Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայում գտնվող դեղատնից, բացի այդ, պարզվել է նաև, որ նշված թմրամիջոցից 2019 թվականի ընթացքում նա պարբերաբար ձեռք է բերել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում և Երվանդ Քոչար փողոցում գտնվող սուպերմարկետներում գտնվող դեղատներից:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հարցաքննվել են վկաներ, պարզվել թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու մի շարք հանգամանքներ, տվյալներ են ձեռք բերվել՝ Երևան քաղաքի սուպերմարկետների ցանցում գործող դեղատներում թմրամիջոցների վաճառքի վերաբերյալ:
Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են խուզարկություններ Կոմիտասի և Արշակունյաց պողոտաներում, ինչպես նաև Երվանդ Քոչար փողոցում գտնվող սուպերմարկետներում գործող թվով 3 դեղատներում, որի ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են առանձնապես խոշոր չափերով «LYRICA 300mg» և «Pfzer PGN 300» գրառմամբ դեղահաբեր, որոնք ենթարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Համաձայն փորձագետի եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված ընդհանուր յուրաքանչյոտը 0,5 գրամ քաշով 843 հատ «Pfzer PGN 300» դեղապատիճներն իրենց բաղադրության մեջ պարունակում են 0,3-ական գրամ քաշով «Պրեգաբալին» տեսակի (հոգեներգործուն) նյութ՝ «Պրեգաբալին» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) նյութի ընդհանուր 252.9 գրամ քաշով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ չորս անձի մեղադրանք է առաջադրվել. թմրամիջոց ձեռք բերած 28-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, Արշակունյաց պողոտայում և Երվանդ Քոչար փողոցում գտնվող սուպերմարկետներում գործող դեղատների տնօրենին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, Կոմիտասում գործող դեղատան դեղագործին և նույն դեղատան տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեղատներից մեկի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ դեղագործի և 28-ամյա երիտասարդի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Կոմիտաս պողոտայում գործող դեղատան տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ թմրամիջոցների ապօրինի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: