Կառավարությունը որոշում կընդունի Ծիածան համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակել

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 26-ի հերթական նիստի ժամանակ որոշում կընդունի Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ:

Նախագծի որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծիածան համայնքի  ավագանու թվով 5 անդամներն (օրենքով նախատեսված 5-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Ծիածան համայնքի ավագանու անդամներից երկուսի՝ Անի Մելիքյանի և Էդգար Եգորյանի լիազորությունները սահմանված կարգով համապատասխանաբար դադարեցվել են 2017 թվականի նոյեմբերի 3-ին և 2018 թվականի նոյեմբերի 5-ին: Ս. թ. օգոստոսի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու անդամ Աշոտ Նիկողոսյանը: Վերջինիս լիազորությունները դադարեցվելու հանգամանքով պայմանավորված անհնարին է դարձել Ծիածան համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Եթե համայնքի ավագանու անդամի լիազորությունների դադարեցման (դադարման) հետևանքով անհնարին է դառնում համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը, ապա ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու մնացած անդամները կամ համայնքի ղեկավարը»:

Համայնքի ավագանու մնացած անդամների և համայնքի ղեկավարի կազմած արձանագրությունները Արմավիրի մարզպետը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 122-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրությունն անցկացվում օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2019 թվականի հուլիսի 30-ի №37-Ա որոշմամբ սահմանված մոտակա օրն է 2019 թվականի դեկտեմբերի 8-ը: Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրության անցկացման համար առաջարկվում է այդ օրը:

«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ծիածան համայնքի  ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին» Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է վերոնշյալ հանգամանքներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել