Մարտի 1-ի գործի քննությունն իրականացվում է շատ ակտիվ, յուրաքանչյուր դետալ ու նման կարևոր իրադարձություններն իրենց առանցքային նշանակությունն են ունենալու որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց գլծավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքը կարող է ազդեցություն ունենալ Մարտի 1-ի գործի քննության, բացահայտման վրա:
Անդրադառնալով այն հարցին, որ եթե Մարտի 1-ի գործի շղթան բացում է, ինչպե՞ս է ստացվում, որ մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կալանքից ազատ է արձակվում, դատախազը նշեց. «Շղթան բացահայտվելու ուղղությամբ քայլեր են իրականացվում, ձեռք էին բերվել փաստական տվյալներ, որոնք բավարար էին դատավարական այնպիսի որոշում կայացնելու համար, բայց հետագա ընթացքում ձեռք բերվեցին այնպիսի տվյալներ, որոնց պայմաններում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը բացակայում են: Շարունակվում է հետապնդումը, ստուգվում են այդ վարկածները, մեծ ու բարդ աշխատանք է կատարում քննչական մարմինն այդ ուղղությամբ: Որ գործը փակուղում է, ես երբեք նման բան չեմ ասի, չեմ ասի, որովհետև այդ ուղղությամբ միշտ ակտիվ գործողություններ են իրականացվում»:
Գլխավոր դատախազն իր վստահությունը հայտնեց այն մասին, որ առաջիկայում գործին վերաբերող բոլոր դետալները բացահայտվելու են: