Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Լոս Անջելես քաղաքում նախատեսված աշխատանքային օրակարգն ավարտելուց հետո Հայաստանի վարչապետն ուղևորվել է Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։
Այս մասին տեղեկացնում է՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սիլիկոնյան հովիտ այցը մեկնարկել է վենչուրային կապիտալիստների հետ հանդիպումով. կառավարության ղեկավարն աշխատանքային ճաշ է ունեցել Դրափեր համալսարանի հիմնադիրներ Թիմ և Բիլ Դրափերների հետ, որի շրջանակում քննարկվել են տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ծավալման ու զարգացման հեռանկարները։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Դրափեր համալսարանի միջև։ Հուշագրի շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համագործակցել, համատեղ կրթական ծրագրեր իրականացնել տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետներ պատրաստելու և վերապատրաստելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյանի այցի հաջորդ կանգառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար «NVidia» ընկերությունն էր, որը մասնագիտացած է համակարգչային գրաֆիկաների մշակման ոլորտում և որի կենտրոնակայանը գտնվում է Սիլիկոնյան հովիտում։ Հայաստանի վարչապետին և նրա տիկնոջը դիմավորել է ընկերության գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը։ «NVidia»-ի կենտրոնակայանում և ցուցասրահներով շրջայցի ընթացքում Ջենսեն Հուանգը ՀՀ վարչապետին է ներկայացրել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, ծրագրերը, համակարգչային գրաֆիկաների մշակման գործընթացը, դրա շրջանակում կիրառվող նորարարական տեխնոլոգիաները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև կարճատև հանդիպում է ունեցել «NVidia» ընկերության գործադիր տնօրենի հետ, որի ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները։