Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում անցկացվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 20-ին որոշում է ստորագրել 2019 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում կայանալիք «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ`

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի կազմակերպական աշխատանքների պատշաճ մակարդակով կատարումը, նախապատրաստել նիստերի ծրագիրը և ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը.

2) Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին մասնակցող պաշտոնական պատվիրակությունների անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը:

Առաջարկել Երևանի քաղաքապետին` կազմակերպել նիստերի անցկացման վայրերի հարակից տարածքների բարեկարգման աշխատանքները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել փրկարար ծառայության շուրջօրյա հերթապահությունը միջոցառումների անցկացման վայրում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ապահովել միջոցառումների անցկացման վայրում շտապ բուժօգնության անձնակազմերի ներկայությունը, բուժկետերի գործունեությունը, ըստ անհրաժեշտության՝ մասնակիցների բժշկական օգնությունը և սպասարկումը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում:

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել միջոցառումների անցկացման հետ կապված վայրերում հասարակական կարգի պահպանումը և հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ժամանող հատուկ չվերթերի սպասարկումը, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների դիմավորումը և ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական և պաշտոնական պատվիրակությունների սրահներով:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ ապահովել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս անցկացվելիք միջոցառումների վայրեր տանող ճանապարհների բարեկարգումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի նիստի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում կայանալիք «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով գործարար համաժողովի կազմակերպման և անցկացման, արարողակարգային միջոցառումների հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել