Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են մաքսատուրքի դրույքաչափերը:

Այս մասին տեղեկացնում է` Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է հարկային օրենսգրքի համաձայն։ Ինչպես ներկայում, այնպես էլ 2020 թվականից շարունակվելու է գանձվել նաև բնապահպանական հարկ` ՀՀ հարկային օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն:

Մաքսային վճարները ճիշտ հաշվարկելու համար կարևոր է ուշադիր լինել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում տվյալ ավտոմեքենայի ծածկագրին, որը կհուշի յուրաքանչյուր ավտոմեքենայի թողարկման տարեթվի և շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված մաքսատուրքի դրույքաչափը: Օրինակ` եթե իրավաբանական անձը 2020 թվականին ներմուծի 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 3 տարուց ոչ ավելի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա, ապա նախ` կհաշվարկվի մաքսատուրք` մաքսային արժեքի 15%-ի չափով, այսինքն` կստացվի 1170 եվրո (7800€ x 15%=1170 եվրո): Ապա ԱԱՀ-ն կձևավորվի մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում` կազմելով 1794 եվրո ((7800€+1170€) x 20%=1794 եվրո): Բնապահպանական հարկ չի գանձվի, քանի որ մեքենան չի գերազանցում 5 տարին: Այսպիսով` իրավաբանական անձից կգանձվի 2964 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար` մաքսատուրքը և ավելացված արժեքի հարկը գումարելու արդյունքում (1170€+1794€=2964 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը: Դիտարկենք այն տարբերակը, երբ իրավաբանական անձը ներմուծում է 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր աշխատանքային ծավալով շարժիչ և 6 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենա: Տվյալ դեպքում սահմանված է մաքսատուրք` մաքսային արժեքից 20%, բայց ոչ պակաս, քան 0,44 եվրո շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար (բանաձև 1. 7800€ x 20%=1560 եվրո, բանաձև 2. 2500 սմ 3 x 0,44€=1100 եվրո):

Այսինքն` հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով. 7800€ x 20%=1560 եվրո: Հետևաբար մաքսատուրքը կկազմի 1560 եվրո, քանի որ արժեքային դրույքաչափով հաշվարկված գումարն ավելի բարձր է, քան շարժիչի աշխատանքային ծավալի համար սահմանված դրույքաչափով հաշվարկված գումարը: Ավելացված արժեքի հարկը կկազմի 1872 եվրո` մաքսային արժեքի և մաքսատուրքի գումարի 20%-ը հաշվարկելու արդյունքում ((7800€+1560€) x 20%=1872 եվրո): Իսկ ԱԱՀ-ն և մաքսատուրքը միասին կձևավորեն 3432 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճարը (1560€+1872€=3432 եվրո): Չմոռանաք գումարել նաև բնապահպանական հարկը, որը 6 տարեկան ավտոմեքենայի դեպքում 2% է (7800×2%=156 եվրո): Այսպիսով` իրավաբանական անձը մաքսազերծման համար կվճարի ընդհանուր 3588 եվրոյին համարժեք դրամ (3432€+156€= 3588 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

7 տարուց բարձր թողարկման պահ ունեցող ավտոմեքենաների դեպքում մաքսատուրքը որոշվում է շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալով: Օրինակ` 7800 եվրո մաքսային արժեքով, 2500 խորանարդ սանտիմետր շարժիչի աշխատանքային ծավալով և 8 տարի թողարկման պահ ունեցող ավտոմեքենայի պարագայում շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար սահմանված է 2,2 եվրո: Հետևաբար, մաքսատուրքը կկազմի 5500 եվրո (2500սմ 3 x 2,2€=5500 եվրո): Ավելացված արժեքի հարկը կհաշվարկվի արդեն հայտնի բանաձևով ((7800€+5500€)x20%=2660 եվրո), և մաքսատուրքի հետ միասին կձևավորվի 8160 եվրոյին համարժեք դրամ մաքսային վճար (5500€+2660€=8160 եվրո): Այս ամենին կավելանա 2% բնապահպանական հարկը (7800€x2%=156 եվրո): Արդյունքում` իրավաբանական անձը ընդհանուր մաքսազերծման համար կվճարի 8316 եվրոյին համարժեք դրամ (8160€+156€= 8316 եվրոյին համարժեք ՀՀ դրամ):

Ի դեպ, ավտոմեքենայի մաքսային արժեքը որոշվում է` համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 5-րդ գլխի: Կարևոր է իմանալ, որ եթե իրավաբանական անձը ավտոմեքենան ներկրի 2019 թվականին, և մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ գրանցվի «ապրանքային հայտարարագիրը», այլ ոչ թե «տարանցման հայտարարագիրը», ապա մաքսազերծումը կկատարվի 2019 թվականին գործող դրույքաչափերով: «Տարանցման հայտարարագիրը» լրացվում է սահմանային անցակետից տրանսպորտային միջոցը ներքին մաքսային մարմին տեղափոխելու համար, այսինքն` այն մաքսային մարմին, որտեղ փաստացի իրականացվելու են մաքսային այն ձևակերպումները, որոնց ժամանակ լրացվելու է «ապրանքայինհայտարարագիրը»: Դրա հիման վրա էլ հաշվարկվելու են մաքսային վճարները: Հետևաբար, եթե ներկրվի, օրինակ, դեկտեմբերի 30-ին, գրանցված լինի «տարանցման հայտարարագիր», բայց «ապրանքային հայտարարագիրը» գրանցվի 2020թ-ի հունվարի 1-ից սկսած, կհաշվարկվեն նոր դրույքաչափերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել