Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:
Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը:
Գրիգորյանը Վայոց Ձորի մարզպետի օգնականն է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը։