ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի սեպտեմբերի 19-ին հրամանագրի համաձայն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:
Իրավաբան. net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը:
Գնդապետ Էդուարդ Աշոտի Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականի հունիսի 22-ին Արտաշատ քաղաքում, զինծառայողի ընտանիքում:
1991 թվականին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:
1991-1996 թվականներին սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տրանսպորտային ֆակուլտետում, որի հետ մեկտեղ 1993-1995 թվականներին անցել է զինվորական պատրաստում նույն համալսարանի զինվորական ամբիոնում:
1995 թվականին մասնակցել է երկամսյա հավաքի ՀՀ զինված ուժերում:
1998 թվականի սեպտեմբերին շնորհվել է պահեստազորի լեյտենանտի զինվորական կոչում:
1998 թվականի սեպտեմբերից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում՝ զբաղեցնելով կրտսեր օպերլիազորից մինչև վարչության պետի պաշտոններ:
2000 թվականին ավարտել է ՀՀ ԱԱՆ օպերատիվ կազմի հատուկ պատրաստության 9-ամսյա դասընթացները, իսկ 2004 թվականին՝ 5-օրյա անալիտիկ դասընթացները ԱՄՆ-ում:
Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ, դատախազության և քննչական կոմիտեի կողմից: Հանդիսանում է Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից:
2009 թվականի սեպտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով, իսկ 2011 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետի կողմից՝ շնորհակալագրով:
2018 թվականի հոկտեմբերին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տնօրենի տեղակալ:
2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: