Դուք «դռների տակ վնգստացող» դատավորների ցուցակում կա՞ք. Հայկ Ալումյանը՝ դատավորին

2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո նրա պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատարանը որոշումը կայացրել է ճնշումների ներքո:

Նա հիշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ այսօր դատարաններում կան «վնգստացող դատավորներ»  և այդ խոսքը հաստատել է նաև ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Մենք պատրաստվում ենք Ձեզ միջնորդել, որպեսզի Դուք ինքնաբացարկ հայտնեք և ի թիվս այլ հանգամանքերի, որոնք կապված են լինելու մեր միջնորդության հետ, ես դիմել եմ Ռուբեն Վարդազարյանին, որպեսզի նա թվարկի «դռների տակ վնգստացող» դատավորների ցուցակը,  բայց նախքան ցուցակի տրամադրումը, ես կուզեի ձեզնից ճշտել. Դուք այդ ցուցակի մեջ կա՞ք, «դռների տակ վնգստացող» դատավորների ցուցակում, թե՝ ոչ»,-նշեց նա:

Նա նշեց, որ երբ դա ասել է վարչապետը և ԲԴԽ նախագահը, նա նրանցից չի վիրավորվել: Ալումյանի խոսքով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 7-ին, 13:00:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր՝ սպետեմբերի 20-ին, հրապարակեց «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը:

Դատարանը որոշեց ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ, Ռոբերտ Քոչարյանը կշարունակի կալանավորված մնալ:

Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին առաջին ատյանի դատարանին իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կիրառել գրավը և վերացնել ընտրված խափանման միջոց կալանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել