«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որում ասվում է.
«Մենք՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով աշխատող 28 կազմակերպությունների աշխատակիցներս, մտահոգված ենք սեպտեմբերի 20-ին «Ժամանակ» օրաթերթում հրապարակված «Մասշտաբային չարաշահումներ. «Հյուսիս-Հարավ»-ի գործով կարող է կալանավորվել 52 մարդ» վերնագրով հրապարակման առնչությամբ: Հրապարակման մեջ տեղ են գտել ձևակերպումներ, որոնք արատավորում են աշխատակիցների պատիվն ու արժանապատվությունը և բարի համբավը:
Առավել ևս, մոտ 850 աշխատակիցներս, որ ընդգրկված ենք Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում, դեռ 2018 թվականի սեպտեմբերից չենք ստացել մեր աշխատավարձերը:
Մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Վարագյանը հանդիպեց «Հյուսիս–հարավ» ավտոմայրուղու շինարարությամբ զբաղվող ընկերությունների աշխատակիցներիս հետ և խոստացավ 45 օրվա ընթացքում մեր խնդիրը լուծել: Սակայն արդեն անցել է 120 օր, մի քանի անգամ հանդիպել ենք Վարագ Վարագյանի հետ, ասում է՝ գործն ընթացքի մեջ է, սակայն դեռ արդյունք չկա:
Կից ներկայացնում ենք 28 շինարարարական ենթակապալառու կազմակերպությունների ցանկը՝ պարտքերի չափով, որոնք հաստատվել են «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ-ի կողմից՝ փոխադարձ ակտերով: «Կորսան-Կորվիամ» Կոնստրուկցիոն ԲԸ Հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառուների ցուցակ (թվով 28 ենթակապալառու) N Կազմակերպություն անվանումը Պայմանագրի համարը և ամսաթիվը»: