Սեպտեմբերի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ: Հանդիպման սկզբում Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատավորներին ներկայացրեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մկրտչյանին:
Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհուրդի լրատվական ծառայությունից:
Ներկայացվեցին դատական իշխանության առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ Խորհրդի կողմից ձեռնարկված քայլերը: Մասնավորապես շեշտվեց, որ որևէ խնդիր չի լուծվելու դռնփակ կամ գաղտնի ռեժիմով, եթե այն օրենքով նախատեսված չէ դռնփակ իրականացնել, լուծվելու է նյութատեխնիկական ապահովվածության հարցը, նորացվելու է համակարգչային տեխնիկան, ընթացքի մեջ են «Դատակենտրոն» ծրագրի ներդրման աշխատանքները: Նշվեց, որ կամավորության սկզբունքով դատավորների սեփական ավտոմեքենաների համար կտրամադրվեն ծառայողական պետհամարանիշներ:
Դատավորների հետ տեղի ունեցավ կառուցողական, բաց և անմիջական հարցուպատասխան:
Դատավորներ Կարինե Պետրոսյանի, Լիզա Գրիգորյանի, Հովհաննես Շահնազարյանի, Արթուր Ստեփանյանի հնչեցրած հարցադրումները վերաբերում էին օրենսդրական փոփոխություններին, կարգապահական վարույթների հարուցմանը, գործերի բաշխման համակարգին, դատական ծառայողների աշխատավարձերին և այլ կարևոր խնդիրների: Խորհրդի նախագահը և անդամներն իրենց հերթին նկատեցին, որ բարձրացված հարցերը օրակարգային են, և դրանց մի մասի վերաբերյալ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվել, մի շարք հարցեր էլ ուսումնասիրման փուլում են:
Քննարկվող խնդիրների վերաբերյալ արդյունավետ լուծման առաջարկներ ներկայացրին դատավորներ Երեմ Եսոյանը և Դավիթ Բալայանը: Դատավորի նկատմամբ հանրային բացասական ընկալումների և կարծիքի իր մտահոգությունների կապակցությամբ սուր ելույթով հանդես եկավ դատավոր Զարուհի Նախշքարյանը:
Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Մեսրոպ Մակյանը և Գրիգոր Բեքմեզյանն իրենց հերթին փաստեցին, որ Խորհուրդը պատրաստակամ է դատավորների հետ ամենօրյա ռեժիմով աշխատելու համար և վստահեցրին, որ առաջիկայում ականատես կլինեն դրական տեղաշարժերի: