Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության հավանությանը կներկայացնի «Զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով ուսումնավարժական հավաքներ և պարապմունքներ անցկացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով նախատեսվում է 2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը ՀՀ տարածքում ՀՀ զինված ուժերի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կազմով, ռազմավարական զորավարժությունների համատեքստում, անցկացնել զորահավաքային պատրաստության միջոցառումներ: Նախագծին կից ներկայացված տեղեկանքի համաձայն նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեից պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության նախագծի նպատակն է՝ որոշել պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստությունը և ունակությունը՝ պայմանական իրադրության պայմաններում զինված ուժերը և այլ զորքերը պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի փոխադրման համար անհրաժեշտ պահեստազորայիններով ու տրանսպորտային միջոցներով ապահովելու գործընթացում: