Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Երևանի N 16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Երևանի հ. 201 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Նաև կսահմանվի, որ
1) Կազմակերպության գործունեության առարկան 1-ին աստիճանի՝ (1-4-րդ դասարաններ) և 2-րդ աստիճանի՝ (5-9-րդ դասարաններ), հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:
2) 2019/2020 ուսումնական տարվանից կազմակերպության ավագ դասարաններում մարման կարգով կազմակերպվում է սովորողների բնականոն ուսումնառությունը,
3) մինչև 2020թ.-ի հունիսի 1-ը Կազմակերպությունն իրավունք ունի սովորողների կրթությունը կազմակերպել երկարօրյա ռեժիմով՝ սովորողներին ապահովելով օրական երկանգամյա սննդով:
Փոփոխությամբ ակնկալվում է Երևանում համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում կազմակերպել սովորողների բնականոն կրթությունը՝ օգտագործելով դպրոցում առկա մասնագիտական պոտենցիալը: Սովորողների կրթության բնականոն գործունեությունն ապահովելու համար «Երևանի N16 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի շենքային բավարար պայմաններ, ուսումնամեթոդական հագեցվածություն, ինչպես նաև մանկավարժական համապատասխան կադրեր:
Բացի այդ, տարեկան ֆինանսավորումը որպես հատուկ դպրոց տարեկան կազմում է մոտ 175 միլիոն դրամ, իսկ հիմնական դպրոցի դեպքում կկազմի մոտ 94 միլիոն դրամ։
Հաշվարկը կատարվել է 01.09.2019թ.-ի կոմպլեկտավորման հիման վրա: