Իսրայելում Հայաստանի դեսպանություն կստեղծվի. գործադիրն այսօր որոշում կընդունի

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հերթական նիստին որոշում կընդունի Իսրայելի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռևս 1992թ. ապրիլին:

Վերջին տարիներին զգալիորեն աճել են հայ-իսրայելական երկկողմ համագործակցության զարգացման դինամիկան, ինչպես նաև տարբեր մակարդակներում շփումները:

Դիվանագիտական հարաբերությունների զարգացման տեսանկյունից հարկ է նշել, որ 2000-2008թթ. ընթացքում Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանն է եղել Էդվարդ Նալբանդյանը՝ նստավայրը Փարիզ, 2012-2018թթ. ընթացքում Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը համատեղությամբ նշանակվել է դեսպան Իսրայելում, իսկ 2018 թվականի մարտից Իսրայելի Պետությունում ՀՀ դեսպանն է Արմեն Սմբատյանը, նստավայրը՝ Երևան:

Իսրայելում դեսպանություն ստեղծելը, անպայմանորեն, կնպաստի հայ-իսրայելական փոխգործակցության խորացմանը, միաժամանակ ապահովելով դրանց բնականոն զարգացումը:

Իսրայելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մերձավորարևելյան տարածաշրջանում Իսրայելը հանդիսանում է կարևոր աշխարհաքաղաքական դերակատար, որի վարած քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է այդ տարածաշրջանի վերաձևավորման և կայունության վրա։

Հայ-իսրայելական երկկողմ հարաբերությունների կայուն զարգացումն ապահովելու առումով, կարևորվում է հնարավորինս սեղմ ժամկետներում (2019թ. վերջ, 2020թ. սկիզբ) Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը ստեղծելը:

Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալը ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն:

Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմա-մշակութային ժառանգության, Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը:

Ակնկալվում է, որ Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծելը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը, նոր հնարավորություններ կստեղծի համագործակցության մի շարք ոլորտների զարգացման համար՝ մեծացնելով մերձավորարևելյան տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության ներկայությունը:

Հավելենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել