Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, հերթական նիստին որոշում կընդունի Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին:
Նաագծի հիմանվորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1993թ. դեկտեմբերին:
Եթովպիան ներկայումս արագ տեմպերով աճող պետություն է, որը գրանցում է վարկանիշային աճ միջազգային հարաբերություններում։ Ադիս Աբեբան աֆրիկյան մայրցամաքի քաղաքական հիմնական կենտրոններից մեկն է, այստեղ է տեղակայված Աֆրիկյան Միության կենտրոնակայանը, իսկ Աֆրիկյան Միությանն անդամակցում են աֆրիկյան մայրցամաքի բոլոր պետություններն առանց բացառության:
Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական ներկայացվածություն չունի անդրսահարյան Աֆրիկայում, իսկ անդրսահարյան Աֆրիկայի պետությունների ներկայացվածությունը Հայաստանում սահմանափակվում է միայն որոշ պետությունների կողմից ՀՀ-ում ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրմամբ։ Ադիս Աբեբայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումը զգալիորեն կկարգավորի և կակտիվացնի ՀՀ շփումներն անդրսահարյան աֆրիկյան պետությունների հետ թե՛ հնարավոր տնտեսական հեռանկարների, թե՛ տարբեր միջազգային հարթակներում մայրցամաքի 50-ից ավելի պետությունների և դրանց աջակցությունը ստանալու տեսանկյունից։
Ակնկալվում Ադիս Աբեբայում դեսպանություն ստեղծելը ՀՀ-ին հնարավորություն կընձեռի ոչ միայն սերտ երկկողմ հարաբերություններ հաստատել Եթովպիայի հետ, այլև խորացնել շփումներն ու համագործակցությունն աֆրիկյան այլ պետությունների հետ։
Ավելին, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը Եթովպիայում հնարավորություն կտա զարգացնել միաժամանակյա համագործակցությունը Աֆրիկյան Միության հետ:
Հավելենք, որ նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: