Կենսաթոշակները կվճարվեն անկանխիկ եղանակով, քաղաքացիների համար կսահմանվեն անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր. նախագիծ

ՀՀ կենտրոնական բանկը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ՝ «ՀՀ անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի համաձայն: Նախագծի համաձայն

  • կնվազեցվի կանխիկ դրամաշրջանառությունը,
  • քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր,
  • կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով և այլն:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերոնշյալ օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների  (գույքի)  օտարման, ապրանքների  (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև կանխիկ գործառնությունների սահմանափակման հետ կապված այլ հարաբերություններ:

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ  կատարելու մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» , «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը նպատա կ ունի.

  1. Նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը

սահմանափակումներ են դրվել նաև կանխիկ միջոցների  ծախսային և եկամտային մասերի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանափակման պետք է ենթարկվեն հնարավոր խոշոր գործարքները: Ընդ որում՝ այդ սահմանափակումները կրում են աստիճանակարգային բնույթ: Մասնավորապես, Նախագծով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիների միջև 2019 թվականի հուլիսի 1-ից՝ 2 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, ապրանքների (գույքի) օգտագործման,  աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում դրանց դիմաց վճարումը և վճարի ստացումը իրականացվում է անկանխիկ ձևով:

Ինչպես ծախսային, այնպես էլ եկամտային մասում կանխիկի վրա սահմանափակում սահմանելիս հաշվի է առնվել Երևան քաղաքի և մարզերի միջև ոչ համաչափ զարգացվածության հանգամանքը: Այդ պատճառով անկանխիկ  վճարումների վերաբերյալ պահանջները դասակարգվել են ըստ վայրերի և սահմանվել են (Երևան, մարզկենտրոններ, այլ քաղաքային վայրեր) անկանխիկ վճարման պահանջի իրականացման տարբեր ժամկետներ:

  1. Քաղաքացիների համար սահմանել անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգեր.

Նախագծերի փաթեթով նախատեսվել է խանութներում և սպասարկման այլ վայրերում վճարային գործիքներ (վճարային քարտ) ընդունող սարքերի տեղադրումը պարտավորեցնող դրույթներ: Առօրյա կյանքում հաճախորդների կողմից դժգոհություններ են արտահայտվում սպասարկման ոլորտում այդպիսի սարքերի բացակայության վերաբերյալ, ինչը բարդացնում է անկանխիկ վճարումների իրականացումը: Քաղաքացին ստիպված է  վատնել ժամանակ և կրել մի շարք անհարմարություններ վճարային քարտից գումար կանխիկացնելու և որոշակի ապրանքի (ծառայության) դիմաց վճարում կատարելու համար, այնինչ շատ հեշտությամբ վճարային քարտով կարող է սպասարկվել խանութներում և այլ սպասարկման վայրերում:

  1. ՈՒժեղացնել հարկային վարչարարությունը և պայքարել ստվերային տնտեսության դեմ: Անկանխիկ գործառնություններ իրականացնելիս դժվարանում է (գրեթե անհնար է) հարկային և մաքսային օրենսդրության պահանջներից խուսափելը:

 Նախագծերի փաթեթում նախատեսվել է նաև անկանխիկ վճարման դեպքում ապրանքի, ծառայության դիմաց ավելի բարձր գին սահմանելը և (կամ) ավելի մեծ գումար ստանալը արգելող դրույթ:

Անկանխիկ վճարման մասին դրույթներ սահմանելիս փաթեթում հաշվի են առնվել առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտները (բուժսպասարկում, կրթական ոլորտ և այլն), որտեղ կանխիկի սահմանափակումները կօգնեն հասնելու սահմանված նպատակներին.

  1. Համաձայն ներկայացված նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։

Ընդ որում, առաջարկվում է բացառություն սահմանել հետևյալ դեպքերում.

  • կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է,
  • լրացել է կենսաթոշակառուի 75 տարին,

Վերը նշված դեպքերում կենսաթոշակը կարող է վճարվել նաև կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի ընտրությամբ։

Ընդ որում, անցումը կենսաթոշակների կանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար առաջարկվում է փուլային տարբերակ` սկսած 2020 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքում, 2021 թվականի հունվարի  1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2022 թվականի հունվարի 1-ից՝ այլ բնակավայրերում կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով: Միաժամանակ, նախատեսվում է, որ տվյալ բնակավայրում կենսաթոշակների անկանխիկ եղանակով վճարման պահանջն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու դիմում ներկայացնելը կամ կենսաթոշակ վճարելը կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը։

Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Ըստ այդմ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև օրենքի այլ՝ չվճարված կենսաթոշակի գումարի և թաղման նպաստի վճարմանը փոխկապակցված դրույթներում։

  1. Մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները: Օրենքների ընդունումը կբերի նաև բանկային համակարգում ֆինանսական միջնորդության ավելացմանը, որն իր հերթին կհանգեցնի ողջ ֆինանսական համակարգի զարգացմանը: Բացի այդ, անկանխիկ վճարումների իրականացումը (բանկային հաշվի առկայությունը բանկում, այդ հաշվի միջոցով գործառնությունների իրականացումը) կհանգեցնի նաև անձանց կողմից պահանջվող և բանկերի կողմից մատուցվող այլ ծառայությունների իրականացմանը (օրինակ՝ վարկերի, օվերդրաֆտների տրամադրում և այլն):
  2. Հայաստանի Հանրապետությունում ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ:

 Օրենքների փաթեթի ընդունումը հիմք կհանդիսանա նշված խնդիրների լուծման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել