Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում հերթական դասի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմների ներդրումը տեղական ինքնակառավարման մարմիներում:
Դասը վարում էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Նարեկ Ենոքյանը:
Բանախոսը 7 քայլ ներկայացրեց՝ ՀՀ ՏԻՄ-երում կոռուպցիայի կանխարգելման համար.
- Քայլ 1. Սկզմնական փուլում տեղի է ունենում կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործընթաց: Նշյալ գործընթացը 2 փուլով է իրականացվում: Առաջին փուլը ներքին գնահատման գործընթացն է: Այս փուլում ՏԻՄ աշխատակազմը առանձնացնում է այն ոլորտները, որոնք առավել շատ են հակված կոռուպցիայի: Երկրորդ փուլում ՏԻՄ աշխատակիցներից բացի գնահատումներ են իրականացնում արտաքին շահառուները: Գնահատման հիմնական նպատակն է վեր հանել ՏԻՄ-ում կոռուպցիայի առաջացմանը նպաստող ամենախոցելի ուղղությունները,
- Քայլ 2. Առանձնացվում են այն ոլորտները, որոնք կոռուպցիա առաջացնելու առավել մեծ տենդենցներ ունեն և այդ ոլորտներում կոռուպցիան նվազեցնելու քայլերը ամրագրվում են գործողությունների կատարման ծրագրում,
- Քայլ 3. Առանձնացված ոլորտները լայն ուսումնասիրության են ենթարկվում,
- Քայլ 4. Ուսումանասիրվում են կոռուպցիոն ռիսկերի առաջացման պատճառները և պայմանները: Վեր են հանվում այն գործողությունները, որոնք կոռուպցիայի առաջացման հիմք են հանդիսանում,
- Քայլ 5. Արտաքին շահառուների հետ խորհրդակցություններ են իրականացվում ՏԻՄ-ում կոռուպցիա ծնող գործոնները հայտնաբերելու համար, ինչպես նաև առանաձնացվում են արտաքին շահառուների կողմից հնչեցված առաջարկությունները,
- Քայլ 6. Ռազմավարական ծրագիրը վերջնական տեսքի է բերվում, որի մեջ արտահայտվում է Կոռուպցիայի դեմ պայքարում ՏԻՄ-ի հայեցակարգը, ռազմավարական նպատակաները և գործողությունները, պատասխանատու անձանց նշանակումը և իրականացման վերջնաժամկետները,
- Քայլ 7. Համայնքի ավագանին հաստատում և ընդունում է ռազմավարական պլանը:
«Ինչպես պետական կառարաման համակարգում, այնպես էլ ՏԻՄ-երում կոռուպցիան հաճախ հանդիպող երևույթ է: ՏԻՄ-երում դրսևորվող կոռուպցիան մի շարք ընդանուր հատկանիշներով նման է պետական կառավարման մարմիններում հանդիպող կոռուպցիային: Սակայն ՏԻՄ-երում կոռուպցիայի հայտնաբերումը ավելի բարդ գործընթաց է իրենից ներկայացնում՝ հաշվի առնելով ՏԻՄ-երի ապակենտրոնացված լինելու հանգամանքը և ՏԻՄ աշխատողների սերտ փոխկապակցվածությունը ազգաբնակչության հետ»,-նշում է Նարեկ Ենոքայնը:
Բանախոսը նշեց նաև, որ Հայաստանում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերը թերզարգացած են և չեն համապատասխանում լավ կառավարման չափանիշներին, ուստի պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունները Հայաստանի առջև անընդհատ բարձրացնում են այդ խնդիրը:
«Համաձայն Freedom House-ի 2018 թվականի Nations in transit զեկույցի ՏԻՄ համակարգը Հայաստանում շարունակում է անարդյունավետ գործել, մասնավորապես փոքր համայնքներում: Հայաստանում ապակենտրոնացումը որոշակի սահմանափակումների է ենթարկվում, որի հետևանքով տեղական ինքնակառավարումը թույլ վիճակում է գտնվում: Երկրի 3 միլիոն բնակչության ⅓-ը բնակվում է մայրաքաղաք Երևանում: Որոշ գյուղական և քաղաքային համայնքները թերբնակեցված են, որի հետևանքով կրճատվում են տվյալ համայնքների հարկային եկամուտները»,-նշեց Նարեկ Ենոքյանը:
Դասընթացի վերջում դպրոցի ունկնդիրները բաժանվեցին թիմերի և յուրաքանչյուրը ՏԻՄ-ում կոռուպցիոն դրսևորման վերաբերյալ ներկայացրեց պայքարի, համակարգային բարեփոխման իր տարբերակը և ուղիները:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ:
Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի տեղեկատվական գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը: