Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը երեկ տարածված տեսանյութին

Երեկ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Դավթյանը մասնագիտական քննարկման ընթացքում հայտարարություններ է անում, որտեղ ակնհայտորեն ներկայացվում են երեխաների նկատմամբ բռնության փաստեր: Ավելին, տնօրենը, ըստ էության, ուսուցիչներին բռնության և երեխաների դաստիարակման իր օրինակին հետևելու կոչ է անում:

Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:

Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում երեխայի նկատմամբ ցանկացած տեսակի բռնություն։ Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի ցանկացած ֆիզիկական, հոգեբանական կամ այլ ճնշումից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են երեխայի իրավունքները կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը: Անթույլատրելի է նաև ցանկացած տեսակի այդպիսի պատիժ երեխայի նկատմամբ։ Սրանք երեխաների հիմնարար իրավունքներից են, որոնք նույն կերպ վերաբերում են նաև ուսումնական հաստատությունում սովորող երեխաներին։ ՀՀ օրենսդրությամբ այս գործողություններն արգելված են և առաջացնում են պատասխանատվություն։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունն այն մասին, որ նախարարությունը «…բացատրություն է պահանջելու տիկին Դավթյանից, որը ստանալուց հետո կձեռնարկվեն բացատրությունից և դրա քննարկումից բխող միջոցներ»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության կենտրոնում կպահի այս խնդիրը և կոչ է անում բոլորին զերծ մնալ այնպիսի արտահայտություններ կամ գործողություններ անելուց, որոնք խախտում են երեխայի իրավունքները և չեն բխում երեխայի լավագույն շահից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել