Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 17-ին, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն ներկայացրեց՝ որպես խափանման միջոց կիրառել գրավը:
Պաշտպանի խոսքով, առկա են եղել փաստեր, որոնք վերաքննիչ դատարանը հաշվի չի առել իր դատական ակտը կայացնելիս, որոնք էլ իենց հերթին հիմք են հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումից բացի այլ խափանման միջոց կիրառելու համար:
Նա նշեց, որ դատավարության այս փուլում բացակայում են Ռոբերտ Քոչարյանի ազատությունը սահմանափակելու անհարժեշտ հիմքերը:
Հովհաննես Խուդոյանը հիշեցրեց, որ դատարանը կարող է խափանման միջոցը փոխել նաև միջնորդությամբ, որը ներկայացվել է և դա ևս մեկ անգամ փաստում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի միջամտի դատավարության ընթացքին:
Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հարցրեց, թե ըստ պաշտպանական կողմի որքա՞ն է կազմում գրավի ողջամիտ չափը, առավելագույն շեմը, որից առավել կհամարեն ոչ իրավաչափ, ինչին ի պատասխան Հովհաննես Խուդոյանը նշեց,- «Մենք չենք կարող գնահատական տալ, դատարանն ինքը կորոշի ողջամիտ չափը՝ հաշվի առնելով գործում առկա տվյալները և այդ թվում պարոն Քոչարյանի գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները»: