Երևանում այսօր գործում է համայնքային 161 մանկապարտեզ, որտեղ հաճախում է շուրջ 28 հազար երեխա: Այստեղ են փոքրիկներն իրենց օրվա մեծ մասն անցկացնում և սնվում օրը երեք անգամ:
Դեռ տարվա սկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարում է սննդի մատակարարման մրցույթ. այս տարի 18 մատակարար կա:
«Ամենօրյա ուշադրության կենտրոնում են մանկապարտեզները, հատկապես՝ մատակարարվող սնունդը, դրա բարձր որակը, ժամկետայնությունն ու մակնշումը: 2019թ. մի շարք մանկապարտեզներում փոխվել են մատակարարները: Ավագանու նիստում բարձրացվել էր նաև հացի հետ կապված խնդիրը, ինչը մենք լուծել ենք և զրկել ենք այդ ընկերությանը հացի մատակարարման իրավունքից»,-նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Մանկապարտեզներում վաղ առավոտյան առաջինը ստանում են հացը՝ հատուկ մեքենաներով, փաթեթավորված և նույն օրվա արտադրության:
Բոլոր սննդատեսակներն առաքվում են առանձին՝ հատուկ հարմարեցված մեքենաներով: Մսամթերքը՝ տավարի միսն ու հավի կրծքամիսը, կաթնամթերքն ու շուտ փչացող այլ մթերքների առաքումը կազմակերպվում է սառեցման համակարգով մեքենաներով:
«Առավոտյան 8.30-ին դուրս ենք գալիս, որովհետև 6 ժամվա ընթացքում պետք է հասցնենք առաքել ամբողջ մսամթերքը. մենք այն չենք պահեստավորում»,-ասում է մատակարար Հայկ Սարիբեկյանը:
«Ստուգում ենք անպայման, որ համապատասխանի չափարոշիչներին, նոր միայն ընդունում ենք»,-նշում է Ավան վարչական շրջանի մանկապարտեզների ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Մնացական Մնացականյանը:
«Երևանի քաղաքապետարանն առաջնորդվում է մի շարք իրավական ակտերով, և եթե որևէ սնունդ չի համապատասխանում չափորոշիչներին՝ վերադարձնում ենք և ցանկացած դեպք արժանանում է մեր ամենակոշտ վերաբերմունքին»,- ընդգծում է փոխքաղաքապետը:
Մանկապարտեզներում մթերքը պահվում է խոհանոցին կից պահեստներում. կաթնամթերքը, մսամթերքն ու բանջարեղենը՝ առանձին սառնարաններում: Ճաշացանկը կազմելիս պարտադիր կերպով հաշվի են առնում, թե որ տարիքային խմբի երեխաներին ինչպիսի և ինչքան վիտամիններ ու այլ օգտակար նյութեր են անհրաժեշտ:
Ամեն առավոտ բոլոր ծնողները կարող են տեսնել օրվա ճաշացանկը. այն փակցվում է մանկապարտեզի մուտքի մոտ՝ տեսանելի վայրում: Ցանկում անպայման թարմ մրգեր են, բանջարեղեն, նաև տեղում պատրաստվող կոմպոտներ ու կարկանդակներ:
Յուրաքանչյուր ճաշատեսակից վերցնում են փորձանմուշներ, որոնք պահվում են 48 ժամ:
Երևանի ավելի քան 10 մանկապարտեզում մեր նկարահանումների ընթացքում լուրջ խախտումներ չարձանագրեցինք: Բայց որոշ թերություններ, այնուամենայնիվ, մեր աչքից չվրիպեցին:
«Քննարկում ենք նոր ճաշացանկ ունենալու խնդիրը: Խնդրել ենք մանկապարտեզների տնօրեններին՝ ներկայացնել նաև իրենց առաջարկները հաջորդ տարի ցանկում նաև նոր մթերքներ ընդգրկելու համար»,-մանրամասնում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
Մանկապարտեզներում սննդի որակի ապահովումն առաջնային է, սակայն պակաս կարևոր չեն նաև պայմանները: Բոլոր խոհանոցները վերանորոգված են, սալիկապատված, ապահովված մշտական հոսող սառը և տաք ջրով: Սակայն մանկապարտեզներում դեռևս ընդհանուր վերանորոգման, իսկ խմբասենյակներում՝ տաք ջրի խնդիր կա: Քաղաքի հաջորդ տարվա անելիքների մեջ շուրջ 20 մանկապարտեզի հիմնանորոգումն է ու ևս երեքի հիմքից կառուցումը:
Տեսանյութը՝ Երևանի քաղաքապետարանի