Կառուցապատում իրականացնելու նպատակով Երևան քաղաքի Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելու գործընթացում առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

2019թ. հուլիսի 26-ին www.mamul.am ինտերնետային կայքում հրապարակվել էր  ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. www.hetq.am ինտերնետային կայքում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 25.07.2019թ. ՄԻԵԴ որոշման վրա, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը միջնորդել է իրավապահ մարմիններին հրապարակված հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին:

Այս մասին հայտնում են դատախազությունից:

ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում նշված հրապարակումը ուղարկվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և դրա հիման վրա հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ:

Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, որոնցով պարզվել է, որ հիշատակված հրապարակմանը կցված հարցազրույցի տեսաձայնագրությունում Պ. Անդերսոնը հայտնել է, որ Երևան քաղաքի Բուզանդի փողոցին հարող հատվածում կառուցապատում իրականացնելու իրավունքը ՀՀ կառավարության կողմից տրված է եղել իր կողմից հիմնադրված «Վիզկոն» ՍՊԸ-ին և վերջինս ձեռնամուխ է եղել գերակա հանրային շահ ճանաչված՝ ք.Երևան, Բուզանդի 13-21 հասցեների բնակիչներին վտարելու գործընթացին: Ըստ հրապարակման՝ կառուցապատման իրավունքը ձեռք բերելու համար Պ. Անդերսոնն անձամբ և իր գործընկերոջ միջոցով Երևանի քաղաքապետարանի նախկին աշխատակազմի պաշտոնատար անձանց տվել է 550.000 ԱՄՆ դոլար և 200.000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ բնակիչների վտարման դատական գործերով տարբեր ատյանների դատավորներին տվել է 300-5.000 ԱՄՆ դոլարի չափով կաշառք: Պ. Անդերսոնը հայտնել է նաև, որ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի ցուցումով 100.000 ԱՄՆ դոլար գումար է վճարել «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանում՝ Բուզանդի փ. 13 հասցեի նկատմամբ Յուրի Վարդանյանին սեփականության իրավունքից զրկելու և հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ վճիռ կայացնելու համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել ՀՀ դատական դեպարտամենտից և «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ից: Պարզվել է, որ Պ. Անդերսոնի անունից 01.08.2006թ. նշված հիմնադրամի հաշվեհամարին իսկապես մուտքագրվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են հանցագործությունների հատկանիշներ՝ ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառքներ պահանջելու և ստանալու, ինչպես նաև պաշտոնատար անձանց առանձնապես խոշոր չափերի կաշառքներ տալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել