Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալու և ՀՀ կառավարության այդ օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին:
Ստորև ներկայացվում է հարցի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի քննարկման սղագրությունը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հարգելի գործընկերներ, քննարկում ենք «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, զեկուցող՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, հանրային լայն քննարկումների առարկա դարձած հարց ենք քննարկում. վարչապետի ֆեյսբուքյան գրառումից հետո 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) պարտավորությունները, ըստ էության, հարկ վճարողներին կամ տնտեսությանը վերադարձնելուն ուղղված օրենսդրական նախաձեռնություն է: Հիմնականում մի քանի իրավակարգավորումներ ենք առաջարկում՝
մենք բոլորս գիտենք որ ավելացված արժեքի հարկի գծով դեբետային մնացորդները կամ այն, չակերտավոր ասած, գերավճարները, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից, մենք Հարկային օրենգիրքն ընդունելիս տարբերակում ենք մտցրել ԱԱՀ-ի դեբետային գումարների միջև՝ ունենք, այսպես կոչված, հին դեբետային գումարներ և նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ կիսամյակային, իսկ 2019 թ. հուլիսի 1-ից հետո՝ արդեն եռամսյակային կտրվածքով հարկ վճարողների դիմումների հիման վրա հետ են վերադարձվում իրենց, իսկ հին դեբետներն ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորություների մարմանը, այն էլ այսօրվա գործող իրավակարգավորումներով, պարտավորությունների մարման առաջնահերթություններում հին դեբետները 4-րդ տեղն են զբաղեցնում: Այսինքն՝ եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի պարտավորություն, ապա առաջին հերթին այդ պարտավորությունը մարվում է նոր դեբետային մնացորդներով, 2-րդ հերթին մարվում է գանձապետական միասնական հաշվում եղած փաստացի կատարված գումարների հաշվին, վճարումներից գոյացած գումարների հաշվին, 3-րդ հերթին՝ անցումային գերավճարում առկա նախկին կանխավճարների մնացորդների հաշվին, ապա 4-րդ հերթին՝ հին դեբետների մարումն է:
Այս օրինագծով մենք վերացնում ենք հին և նոր դեբետների միջև տարբերակումը, այսինքն՝ ունենք միայն ԱԱՀ-ի դեբետ հասկացությունը, հետևաբար, արդեն մարումնների առաջնահերթության մեջ ունենալու ենք նաև հին դեբետները առաջնահերթ պարտավորությունների մարմանն ուղղելու իրավակարգավորում, որն առաջարկում ենք կիրառել 2020 թ. հունվարի 1-ից, որովհետև ծրագրային ապահովման հետ կապված որոշակի ժամանակ է մեզ պետք: Բայց օրենքն ընդունվելուց հաջորդ օրվանից սկսած՝ արդեն հարկ վճարողները կարող են դիմում ներկայացնել, և դիմումի ներկայացման պահին առկա գերավճարները մենք առաջարկում ենք հետ վերադարձնել հետևյալ կարգով՝ մինչև 5 մլն դրամ պարտավորություն ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու և առանց ուսումնասիրություն ներկայացնելու, 5-40 մլն դրամ պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ ներկայացվում է դիմում, դիմումի հիման վրա առանց արտագնա ստուգման կամ ուսումնասիրություն իրականացնելու, կատարվում է ներքին հարկային մարմնում առկա տեղեկատվության ուսումնասիրություն, և ուսումնասիրության հիման վրա տրվում է եզրակացություն, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գծով պարտքը վերադարձվում է դիմումի հիման վրա և արտագնա ստուգման կամ ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման և հիմնավորվածության արդյունքներով:
Եթե թվային խոսենք, մենք հանրությանը արդեն ներկայացրել ենք, որ ընդհանրապես ԱԱՀ-ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000 է, որից շուրջ 3000-ը հին դեբետներ ունեցողներն են: Հին դեբետներ ունեցողների շուրջ 3000-ը, իսկ դա ստույգ 2835 հարկ վճարող է, այդ 2835 հարկ վճարողին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ: 2835 հարկ վճարողից մինչև 5 մլն դրամ պարտավորություն ունեցող հարկ վճարողների թիվը 2190 է, և նրանց հանդեպ ունեցած պարտքի թիվը 1 մլրդ 680 մլն դրամ է, 5-40 մլն դրամ պարտք ունեցողների թիվը՝ 443 հարկատու, 6 մլրդ 856 մլն դրամ պարտք, 40 մլն դրամից ավելի հարկ վճարողների թիվը՝ 202 հարկ վճարող, ընդհանուր պարտքի գումարը՝ 47 մլրդ 906 մլն դրամ: Այսինքն՝ եթե քիչ առաջ ասածիս տրամաբանությամբ շարժվենք, 2190 հարկ վճարող, օրենքն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, առանց դիմում ներկայացնելու և առանց ուսումնասիրություն կատարելու, մեխանիկորեն հետ են ստանալու իրենց պարտքի գումարը՝ 1 մլրդ 680 մլն դրամ ընդհանուր գումարով: 5-40 մլն դրամ պարտք ունեցողները, որոնք 443-ն են, դիմում են ներկայացնելու, դիմումի հիման վրա պարզեցված ընթացակարգով իրականացվելու է ԱԱՀ-ի դեբետի վերադարձը, և 40 մլն դրամից ավելի հարկ վճարողների՝ 202 հարկ վճարողի դեպքում, դիմում ներկայացնելուց հետո պետք է ստուգում իրականացվի արտագնա, փաստաթղթային ստուգման միջոցով պետք է հիմնավորվի 47 մլրդ դրամը և հետ վերադարձվի: Թերևս այսքանը, պարոն վարչապետ, եթե հարցեր կան, խնդրեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ, պարոն Անանյան: Ես ուզում եմ մենք ավելի մանրամասն պարզաբանենք՝ ի վերջո, այդ պարտքը՝ 56 մլրդ դրամը ինչի՞ արդյունքում է առաջացել՝ կոնկրետ փողի գերավճարի՞ արդյունքում, թե՞ հաշվարկների, այսինքն՝ հաշվարկայի՞ն է, թե՞ գումարային է այդ պարտքը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Շատ տեղին հարց եք տալիս, որովհետև հանրության մոտ կա թյուրըմբռնում՝ շատ դեպքերում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը նույնականացնում են անցումային գերավճար հասկացության հետ: Մենք գործ ունենք ոչ թե փաստացի բյուջե վճարված հարկի գծով առաջացած պարտքի հետ, այլ մատակարարներին վճարված ԱԱՀ-ի հետ, որը հարկային հաշվարկում ցույց է տրվել որպես պարտավորություն, և մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի մասին է խոսքը: «Կենդանի վճարումները», որոնք հարկ վճարողների կողմից միանգամից վճարվել են բյուջետային հաշվին, անցումային գերավճար հասկացության մեջ են, որի մնացորդն այսօրվա դրությամբ 9 մլրդ դրամ է: Հիշեցնեմ, որ 2018-ի հունվարի 1-ին անցումային գերավճարի թիվը 133 մլրդ դրամ էր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Այսինքն՝ հիմա ենթադրենք որևէ տնտեսվարող, օրինակ, գնել է համակարգիչ, այդ համակարգչի գնի ինչ-որ հատվածը ԱԱՀ-է, և այս օրենքի փոփոխությունից հետո համակարգիչ գնող տնտեսվարողը որոշակի բանաձևերով հաշվարկների արդյունքում էլի եռամսյա ժամկետում կարողանալու է այդ գումարը հետ ստանալ, ճի՞շտ ենք հասկանում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Մի փոքր նրբություն կա. մենք կիսամյակային կտրվածքով հետվերադարձի նորմը պահպանել ենք մինչև 2017 թ. հուլիսի 1-ը ընկած ժամանակաշրջանի համար: Ֆորմալ այսպես է: 2019 թ. հուլիսի 1-ից հետո առաջացող դեբետային մնացորդները մենք վերադարձնում ենք եռամսյակային կարգով, իսկ այս իրավակարգավորումներով հետևյալն ենք արձանագրում, որ եթե Հարկային օրենսգրքի՝ ուժի մեջ մտնելուն նախորդող, որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ կա ԱԱՀ-ի գծով դեբետ, ապա դիմումի հիման վրա այդ դեբետները վերադարձվում են: Մի քիչ բարդ ասեցի, հետևյալն է, պարոն վարչապետ. այսինքն՝ նախորդ ժամանակաշրջաներում մենք կիսամյակային նորմը պահել ենք, օրինակ՝ եթե 2016 թ. երկրորդ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ, այսինքն՝ 2017 թ. հունվարի 21-ի դրությամբ առկա է այդ գերավճարը, և օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, 10 օր հետո ևս առկա է այդ գերավճարը, դիմումը անմիջապես ներկայացնելով՝ մենք անմիջապես ենք վերադարձնելու: Այսինքն՝ հին դեբետներին էլ չենք սպասելու 3 ամիս, հին դեբետներն ամենօրյա ռեժիմներով մենք վերադարձնելու ենք՝ կամ պարզեցված ընթացակարգով, կամ ստուգումների միջոցով, հիմնավորելուց հետո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, բայց, այնուամենայնիվ, հաշվարկային թե իրական փողի հետ կապված ուզում եմ մի ճշտում անել. մատակարարն այդ ԱԱՀ-ը վճարել է, ճի՞շտ է, եթե չվճարեր այդ ԱԱՀ-ն, այս տնտեսվարող սուբեկտները, որոնց նկատմամբ պարտք է գոյացել, համապատասխան չափով ավելի քիչ կվճարեին այս ապրանքի համար և, հետևաբար, իրենց շրջանառու միջոցը ավելին կլիներ: Այսինքն՝ չնայած այդ հարկը փաստացի վճարել է մատակարարը սահմանին, բայց իրականում դա հետաձգված վճարում է՝ գնորդն է վճարել, որովհետև համապատասխան չափով այդ ապրանքի գինն ավելացել է: Եվ, հետևաբար, հիմա մենք իրեն վերադարձնում ենք այդ գնի ավելացված մասը, որը ինքը վճարել է մատակարարի «պարտքը» փակելու համար ԱԱՀ-ի գծով և, հետևաբար, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ նրանք չեն վճարել: Նրանք վճարել են, ուղղակի ոչ թե իրենք են անձամբ վճարել, այլ վճարել է նա, ով ներմուծել է այդ ապրանքը, ԱԱՀ-ի մասով այդ ապրանքի գինն ավելացրել է, և տնտեսվարողներն այդ ապրանքը համապատասխանաբար ավելի գնով են գնել, ձեռք բերել: Ճի՞շտ եմ հասկանում:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Միանշանակ ճիշտ եք ասում, ավելացնելու բան չունեմ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, մինչև ե՞րբ կհասցնենք վերադարձնել 56 մլրդ դրամը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – 56 մլրդ դրամից մոտ 5.5-6 մլրդ դրամը կասկածելի ենք համարում, որովհետև կան լուծարված, հաշվառումից հանված, սնանկության գործընթացում գտնվող հարկ վճարողներ: 56 մլրդ դրամից շուրջ 50 մլրդ դրամը վերադարձնելու ենք, մեր կարծիքով, մինչև տարվա վերջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ: Սրանով մենք 2 խնդիր ենք լուծում՝ փաստացի ավելացնում ենք մեր տնտեսվարողների շրջանառու միջոցները և պետության վրայից այդ 56 մլրդ դրամի պարտքը հանում ենք: Փաստացի ստացվում է, որ մենք կուտակված պարտք չենք ունենում, և արդեն կիսամյակային կամ եռամսյա հաճախականությամբ կվերադարձնենք այդ ընթացիկ պարտքերը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Ես մի շատ կարևոր բան ուզում եմ հիշեցնել, պարոն վարչապետ: Բազմաթիվ առիթներ է եղել, մենք քննարկել ենք: 2018 թ. հունվարի 1-ին՝ Հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ, մենք հարկ վճարողներին պարտք ենք եղել 275 մլրդ դրամ, որից 133 մլրդ դրամը եղել է «կենդանի վճարումների» հիման վրա անցումային գերավճար կոչեցյալը, և մոտավորապես 83 մլրդ դրամ եղել է այսօրվա 56 մլրդ դրամը, որը քննարկման առարկա է այսօր, և մոտավորապես 70 մլրդ դրամ էլ եղել են, այսպես կոչված, նոր առաջացած դեբետները: Հիմա 131 մլրդ դրամը մեզ մոտ դարձել է 9 մլրդ դրամ, մենք, ըստ էության, հայտարարագրված հարկային պարտավորությունները մարել ենք՝ նախկինում գանձած կանխավճարների հաշվին, այդ դրությամբ պարտքը փակել ենք: Եթե մենք այսօր 56 մլրդ դրամի հարցը կարգավորում ենք, ունենում ենք միայն 72-75 մլրդ դրամ ընթացիկ պարտավորություններ, որոնք ձևավորվում և մարվում են: 2019 թ. հուլիսի 1-ից, երբ եկանք արդեն եռամսյակային ռեժիմով հետ վերադարձնելուն, այդ ընթացիկ մասը իջնելու է շուրջ 50 մլրդ դրամի: Այսինքն՝ կարծում եմ, որ 2020 թ. հունվարի 1-ին մենք հայտարարելու ենք, որ 2 տարվա ընթացում 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 1-ը 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսության և հարկ վճարողների հանդեպ: Կարծում եմ, որ սա ուժեղ պետության հայտարարություն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ 220 մլրդ դրամով մենք, ըստ էության, ֆինանսավորել են տնտեսությանը և եկեք արձանագրենք, որ այս 56 մլրդ դրամը, որի մասին մենք խոսում ենք, ըստ էության, ոչ ոք հույս չուներ որ այդ գումարը երբևէ կստանար, որովհետև Հարկային օրենսգրքի ընդունման ժամանակ, երբ տարբերակում է դրվել հին ու նորի միջև, այդ տարբերակումն այն է եղել, որ այդ 56 մլրդ դրամի մասին մոռացեք: Եվ ուզում եմ արձանագրել, որ այս հնարավորությունն առաջացել է այն բանի շնորհիվ, որ բյուջեի եկամուտներն ընթացիկ տարվում էականորեն աճել են, և մենք խնդիր ունենք նաև՝ բյուջեի եկամուտներն օգտագործել այնպիսի նպատակներով, որ խթանենք տնտեսական գործունեությունը, տնտեսական աճը և, իհարկե, կատարենք մեր պարտավորությունները հարկ վճարողների նկատմամբ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Այս մասին չեմ հասցրել Ձեզ զեկուցել, բայց մոտակա մի քանի օրվա մեջ նաև կառաջարկեմ, որ նախկինում նվազագույն շահութահարկի գծով պարտքը, որը սառեցված է՝ շուրջ 6 մլրդ դրամ, այդպիսի մի նախաձեռնությամբ էլ հանդես կգանք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ լավ, այդ նախաձեռնությունը նույնպես կքննարկենք և արդյունքում որոշում կկայացնենք: Այս օրենքի նախագիծը սովորակա՞ն ընթացակարգով ենք ուղարկում Ազգային ժողով: Պետք է անհետաձգելի ճանաչել կամ արտահերթ նիստով, որովհետև ամբողջ իմաստն այն է, որ օր առաջ այս գործընթացն սկսվի:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյան – Պարոն վարչապետ, մեզ երկու օր ժամանակ է պետք, որովհետև Ֆինանսների նախարարության հետ մենք մի փոքր աշխատանքային կարգով տեխնիկական բնույթի քննարկումներ ունենք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եկեք խորհրդակցենք, հնարավորինս շուտ քննարկվի այս հարցը և ընդունվի, որովհետև ակնկալիք ենք առաջացրել ենք քաղաքացիների շրջանում, արագ ընդունենք, որպեսզի հետաձգում չլինի: Մյուս շաբաթվա մեջ դա կկազմակերպենք: