Ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների պարզման նորագույն տեխնոլոգիաներ կկիրառվեն

Փորձաքննությունների ազգային բյուրոյում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի («Ռոստելեկոմ» Հայաստանի) աջակցության շնորհիվ ներդրվել է «PC Crash» համակարգչային ծրագիրը, ինչպես նաև ձեռք է բերվել ավտոմեքենաների արգելակման տվյալները հետազոտող «VZM 300 դեսելեռոմետր» ժամանակակից սարքը,  որոնց շնորհիվ քրեական վարույթ իրականացնող մարմինների որոշումներով նշանակվող փորձաքննությունների շրջանակներում առաջին անգամ Հայաստանում սկսվել են կիրառվել միջազգային չափանիշներին համապատասխանող և Եվրոպական դատափորձագիտական ինստիտուտների ցանցում (ENFSI) լայն կիրառություն ունեցող ժամանակակից հետազոտական հնարավորություններ:

«PC Crash» համակարգչային ծրագիրը, որը լայնորեն կիրառվում է աշխարհի զարգացած երկրներում, հնարավորություն կտա Հայաստանում արդի լուծումների միջոցով իրականացնել դատական փորձաքննություններ՝ ստանալով ժամանակակից գիտական պատկերացումներին համապատասխանող հետազոտական մեթոդների կիրառմամբ գիտականորեն հիմնավորված արդյունք: Ծրագրի ներդրման  նպատակն է տեխնոլոգիական և ծրագրային նորագույն լուծումներով բարձրացնել փորձաքննությունների արդյունքների ճշգրտության և օբյեկտիվության մակարդակը։

Համակարգչային ծրագիրը մաթեմատիկական մոդելավորման և 3D (ծավալային) պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող և պատահարի ընթացքում իրադրության զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, ինչն էականորեն բարձրացնում է իրականացվող փորձաքննությունների որակը և ստացվող արդյունքների հավաստիությունը: «PC Crash» համակարգչային ծրագրի շահագործման նպատակով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տվյալ բնագավառի հետազոտություններ իրականացնող բոլոր փորձագետներն անցել են համապատասխան  վերապատրաստում Վիլնյուսի ավտոտեխնիկ-փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վալենտին Միտունյավիչուսի ղեկավարությամբ: 

Որդեգրած քաղաքականությանը համապատասխան փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակաբար բարելավելու է իր տեխնիկական և ծրագրային բազան՝ ներդնելով միջազգային պրակտիկայում ընդունված և արդյունավետ կիրառում ունեցող փորձագիտական նոր մեթոդներ ու մեթոդիկաներ՝ ապահովելով Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան նորագույն մոտեցումների կիրառմամբ անկախ փորձաքննությունների իրականացումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել