Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախագծեր:
Առաջարկվող փոփոխություններն ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությանը համապատասխանեցնելուն, բաժնետիրական ընկերության բաժնետերերի վերաբերյալ տեղեկությունները իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրին փոխանցելուն, և դրա արդյունքում այդ տեղեկատվությունը հանրությանն առավել հասանելի դարձնելուն։
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունմամբ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից տրվող տեղեկատվությունը կբովանդակի տեղեկություններ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի մասին: Բաժնետերերի և իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների գրանցումը միասնական գրանցամատյանում և դրանց հասանելիությունը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարը և ընդհանուր առմամբ համակարգը կդարձնի ավելի թափանցիկ: