Կառավարությունը առաջարկում է աղետներին դիմակայունության օրը նշել դեկտեմբերի 7-ին և համապատասխան լրացումը կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում:
Նշենք, որ այժմ դեկտեմբերի 7-ին նշվում է երկրաշարժի զոհերի հիշատակի օրը:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս նշեց, որ Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի փետրվարի 9-ի «1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրվա 30-րդ տարելիցի կապակցությամբ «Աղետներին դիմակայունության օր» խորագրով միջոցառումը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին» թիվ 112-Ա որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի նախագահությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակել եւ ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացրել ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը, որով նախատեսվող միջոցառումների անցկացումը նպատակաուղղված է Սպիտակի երկրաշարժի զոհերին հիշատակի տուրք մատուցելուն, բոլոր օգնության ձեռք մեկնողներին երախտիքի խոսք ուղղելուն, ինչպես նաեւ նախանշելուն այն հիմնական անելիքները, որոնք ավելի ամուր ու պատրաստված կդարձնեն Հայաստանը հնարավոր բնական եւ տեխնածին աղետներից:
«Միաժամանակ, հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի ««Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբբերի 7-ը նշել նաեւ որպես աղետներին դիմակայունության օր»,-նշեց զեկուցողը: