ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում  տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով:

Իրավաբան.net-ին ոստիկանությունից հայտնեցին՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ պետական Ռուբեն Հայրապետյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով աշխատանքային օրենսգրքի ու բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադարության պահանջները, բուհի իր մտերմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:

Ռուբեն Հայրապետյանը արձագանքել է նշված տեղեկությանը. «Երբ խեղկատակությունը և ճղճիմությունը միախառնվում են, մարդիկ անգամ այսպիսի ծիծաղելի քայլերի են դիմում: Ոստիկանությանը լուրջ դեմքով «օպերատիվ տեղեկություններ» են փոխանցել, որ աշխատակիցներից մեկը (օրինակ, մինչև ուշ գիշեր աշխատող լաբորանտը) 100 հազար դրամի չափով պարգևատրում է ստացել, բայց դա իրենց կարծիքով խախտում է, մյուսը արձակուրդ է գնացել, բայց դա կրկին իրենց կարծիքով արգելվում էր, և այս մակարդակի 4-5 դեպք: Պատկերացնո՞ւմ եք մանրության աստիճանը: Հետո այս ամենը խուճապահար հանձնել են մամուլին, միայն թե այս փուլում բացասական լուրեր շրջանառվեն, քանի դեռ չի բացահայտվել թեմայի ամբողջ ցնորքը: Սա է իրենց բացահայտած «ֆինանսական խախտումները». երիցս ապացուցում են հանրությանը, թե ինչ աստիճանի արդար ենք աշխատել:

Հարգելի՛ գործընկերներ, դուք հանճարեղ բացահայտումներ եք արել, շարունակե՚ք նույն ոճով բացահայտել ձեր մակարդակը և իրական դեմքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել