2019 թ. սեպտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
2019 թ. օգոստոսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.6% գնաճի դիմաց, ինչին շարունակել է մեծապես նպաստել գյուղմթերքների գների սեզոնային ավելի մեծ նվազումը: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 0.6%։ Ի տարբերություն ընդհանուր գնաճի, բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ՝ տատանվելով 1.5%-ի շրջանում։
Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության զարգացումների վերաբերյալ անորոշության ավելացման ներքո գրանցվում են տնտեսական աճի, պահանջարկի և գնաճի զգալի դանդաղման միտումներ, որոնք արտահայտվում են նաև միջազգային ապրանքահումքային շուկաներում: Ելնելով նշվածից՝ ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից ակնկալվում է հիմնականում գնանկումային ազդեցություն:
Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակում է մնալ բարձր, որն հիմնականում պայմանավորված է առաջարկի մասով ծառայությունների և վերամշակող արդյունաբերության աճերով, իսկ պահանջարկի մասով` մասնավոր սպառման աճով: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականությունը դեռևս շարունակում է զսպող ազդեցություն ունենալ համախառն պահանջարկի վրա:
Հաշվի առնելով արտաքին հատվածում ձևավորված գնանկումային միջավայրը և հարկաբյուջետային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև շարունակելով նախապատվությունը տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչպես նաև քննարկում է միջոցառումներ՝ ֆինանսական միջոցները տնտեսության ներուժի զարգացմանն ուղղորդելու նպատակով։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող դիրքը պահպանել նաև միջնաժամկետում՝ գնաճի նպատակի իրագործման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ:
Նշենք, որ ներկայումս շարունակում են գերակշռել գնաճի կանխատեսված հետագծից դեպի ներքև շեղման ռիսկերը՝ հիմնականում պայմանավորված արտաքին աշխարհի զարգացումներով, որոնց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում։
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2019 թ. սեպտեմբերի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2019 թ. երրորդ եռամսյակի ծրագրում):