Սպառողները հաճախ դժգոհություններ են հայտնում, որ Հայաստանում դեղերի գները մյուս երկրների համեմատ բարձր են: ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից տնտեսվարողների մոտ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղերի բարձր գները պայմանավորված են ներմուծման բարձր գներով, քանի որ հաճախ արտադրողները տարբեր երկրներին նույն արտադրանքը տրամադրում են տարբեր գներով:
Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:
Խնդրի լուծում կարող է լինել զուգահեռ ներմուծման համակարգը, որը ներկայումս լիաժեք չի գործում: Արդյունքում՝ մուտքի խոչընդոտներ են ստեղծվում ինչպես ԵԱՏՄ տարածքից (մասնավորապես` Ռուսաստանից), այնպես էլ երրորդ երկրներից էժան ճանապարհով դեղերի ներմուծման համար:
Պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող և գրանցված դեղերի միմյանց 100%-ով համապատասխանելը:
Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաև այն դեպքում, երբ գրանցված և ներմուծվող դեղերի միջև առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա:
Արդյունքում՝ Հանձնաժողովի կողմից մշակվել և առաջարկվել է իրականացնել մի շարք փոփոխություններ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում, որոնց արդյունքում ակնկալվում է, որ կբացառվեն զուգահեռ ներմուծվող դեղերի վրա դրված այն սահմանափակումները, որոնք չեն ազդում դրանց անվտանգության և արդյունավետության վրա: