Քննարկվող հոդվածի հակասահմանադրականությունը օրենսդրական բացի առկայության հիմքով որևէ կերպ չի հանգեցնում այդ գործով մեղադրյալի արդար դատաքննության կամ անձնական ազատության իրավունքի խախտման արձանագրման․ Դավիթ Գյուրջյան

Սահմանդրական դատարանը սեպտեմբերի 6-ին հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով սեպտեմբերի 4-ին հրապարակած որոշման ամբողջական տարբերակը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը մասամբ հրապարակվել էր օրեր առաջ:

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել օրենսդրական բացը՝ այն տեսանկյունից որ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը չի նախատեսում գործառույթային անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի կիրառման, դրանով պայմանավորված քրեական հետապնդում չիրականացնելու կան դադարեցնելու դատավարական ընթացակարգ։

Հարցի վերաբերյալ Իրավաբան.net-ը զրուցել է փաստաբան Դավիթ Գյուրջյանի հետ։

«Սակայն նույն Սահմանադրական դատարանը նույն որոշմամբ արձանագրել է, որ չնայած այդ ընթացակարգային դրույթի բացակայությանը դատարանները կիրառել, մեկնաբանել են սահմանադրության համապատասխան հոդվածը և գնահատել են անձեռնմխելիության ինստիտուտի կիրառելիության հնարավորությունը կոնկրետ քննարկվող դեպքում։ Այս տեսանկյունից առհասարակ խնդրահարույց է արդեն այն, որ սահմանադրական դատարանը առկա օրենսդրական բացը համարել է սովորական դատարանների կողմից իրավակիրառ պրակտիկայում չհաղթահարված ու դիտարկել այդ օրենսդրական բացը՝ որպես հենց իր քննարկման առարկա։ Բայց այս հարցի վրա հարկ չեմ համարում հատուկ կանգ առնել»,-նշում է Գյուրջյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն, որ ինչպես նշվեց սահմանադրական դատարանի որոշումից բխում է, որ դատարանները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու գործը քննելիս այնուամենայնիվ քննարկման առարկա դարձրել են անձեռնմխելիության ինստիտուտի կիրառման հնարավորության հարցը, կարող ենք փաստել, որ քննարկվող հոդվածի հակասահմանադրականությունը օրենսդրական բացի առկայության հիմքով որևէ կերպ չի հանգեցնում այդ գործով մեղադրյալի արդար դատաքննության կամ անձնական ազատության իրավունքի խախտման արձանագրման։

«Այդպիսի խախտում կարձանագրվեր, եթե դիցուք դատարանները խափանման միջոցի հարցը քննելիս հնարավոր չհամարեին անդրադառնալ անձեռնմխելիության հարցին և այդ հիմքով քրեական հետապնդումը բացառելուն 35-րդ հոդվածում քրեական հետապնդումը բացառող նման հիմքի բացակայության պատճառաբանությամբ»,-նշում է փաստաբանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել