2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ Կոտայքի մարզում 70 տոկոսով ավելացել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշը

Կոտայքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և դատախազական հսկողության ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել  է 22 քրեական գործ: Այս ցուցանիշը 9-ով, կամ մոտ 70 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2018թ. հարուցվել էր քննարկվող բնույթի 13 քրեական գործ): Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է տեղական ինքնակառավարման, 5-ը՝ կրթության, 2-ը առողջապահության ոլորտներում, 1-ը՝ տարածքային կառավարման նախկին նախարարի, 1-ը՝ Հրազդանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց, 1-ը՝ անձնագրային բաժանմունքի աշխատակիցների վերաբերյալ:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափերի վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական անփութության, կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման կամ դրանց համակցությունների տեսքով:

2019թ. առաջին 6 ամիսների ընթացքում քննված 48 քրեական գործերով 35 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որից 7-ը՝ կրթության ոլորտում, իսկ 22-ը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից, 5-ը՝ առողջապահական ոլորտում, 1-ը՝ բնապահպանական ոլորտում կատարված հանցագործությունների դեպքերով:  Ընդ որում, նշված անձանցից միայն 1-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշված ժամանակահատվածում քննված գործերով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 գործ 10 անձի վերաբերյալ, իսկ դատարանում ավարտվել է 3 քրեական գործ 3 անձի վերաբերյալ, որոնցից 2-ով կայացվել են մեղադրական դատավճիռներ, 1-ով վարույթը կարճվել է վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում քննվող քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 507մլն ՀՀ դրամ:

Միայն Հրազդան համայնքի բյուջե թերմուտքագրումների փաստի առթիվ մարզի դատախազությունում ստացված նյութերով հարուցված 1 քրեական գործով պարզվել է,  որ պետությանը պատճառված վնասը կազմել է 138.001.361 դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 136.493.452 դրամ: Իսկ քրեական գործը 9 անձանց առաջադրված մեղադրանքով ուղարկվել է դատարան:

Միաժամանակ, Կոտայքի մարզի դատախազությունը՝ դատախազական լիազորությունների շրջանակներում աշխատանքներ է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Այդ գործառույթի շրջանակներում 2019թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարվել են 30 ուսումնասիրություններ՝ որոնցից 28-ը՝ բնապահպանական օրենսդրության կատարման ոլորտում: Պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով մարզի դատախազության կողմից՝  քաղաքացիական դատավարության կարգով ներկայացվել են 2 հայցադիմումներ՝ ընդհանուր մոտ 7.5մլն ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով, որոնց քննությունն ընթացքի մեջ է:

Արձանագրված՝ բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ դեպքերով նախապատրաստված նյութերով հարուցվել է 12 քրեական գործ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել