2 պետական հիմնարկներ կմիանան․ նորաստեղծ հիմնարկը նոր անուն կունենա

Պետական գույքի կառավարման կոմիտեն կառավարության հավանությանն է ներկայցրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է «Աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

Միացումից հետո «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերանվանվի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազակերպություն։

Հիմնավորման մեջ նշված է, որպետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է պետական գույքի օտարման, մասնավորեցման, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդների կազմակերպումը:

 «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի միացման ճանապարհով վերակազմակերպումը և արդյունքում գործունեության նրա դադարեցումը պայմանավորված է պետական գույքի կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումներով, մասնավորապես՝ 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում պետական գույքի վաճառքի և վարձակալության էլեկտրոնային աճուրդի ներդրման պահանջով, ինչպես նաև միևնույն գործառույթն իրականացնող առանձնացված ստորաբաժանումների օպտիմալացման անհրաժեշտությամբ։

«Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպմամբ նախատեսվում է վերջինիս իրավունքներն ու պարտականությունները փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ին։ Միացման նպատակը երկու կազմակերպությունների ռեսուրսների (կադրային, ֆինանսական և գույքային) արդյունավետ տնօրինումն է։

«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ն էլ նախատեսվում է վերանվանել «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ։

Արդյունքում, հաջորդ տարվանից սկսած կտնտեսվի «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին ՀՀ պետական բյուջեից տարեկան տրամադրվող 30837.5 հազար դրամ գումար։ Միաժամանակ «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ին նշված գործառույթների փոխանցումը ոչ միայն չի պահանջելու ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ գումարի հատկացում, այլ ընդհակառակը նոր գործառույթի՝ շինությունների և հողամասերի չափագրման և հատակագծերի կազմման ծառայությունների իրականացման արդյունքում կտնտեսվի ևս լրացուցիչ գումար։ Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է նաև «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»  ՊՈԱԿ-ին պետական գնումների գործընթացին մասնակից դարձնելու միջոցով՝ էլեկտրոնային աճուրդի իրականացման, գնահատման և չափագրման ծառայություններ մատուցել նաև պետական այլ գերատեսչություններին, ինչպես նաև մասնավոր հատվածին, ինչը նախկինում չի իրականացվել։

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացմամբ պայմանավորված նախատեսվում է նաև սույն որոշմամբ փոփոխությունների ենթարկել վերակազմակերպված կազմակերպության հիմնական առարկան և նպատակները, ինպես նաև ձեռնարկատիրական գործունեության տեսակները։ Հիմնական առարկայի մեջ նշված հասկացություններից՝

– գույքի առանձին տեսակներ հասկացությունը վերաբերվում է պետական սեփականություն հանդիսացող՝ ինչպես մինչև հինգ միլիոն դրամ գնահատված արժեքով՝ օտար­ման գործընթացում գտնվող այն շարժական գույքին, որը ներկայում ենթակա է պահառության, այնպես էլ շարժական գույքի այն (հավանական) տեսակներին, որոնք ապագայում կայացվող իրավական ակտերով ևս կարող են դասվել պահառության ենթակա գույքի շարքին,

– «պետական անշարժ գույքի առանձին տեսակներ» հասկացությունը վերաբերվում է պետական սեփականություն հանդիսացող այն անշարժ գույքին (շենքեր, շինություններ, հողամասեր և այյն), որոնց սպասարկումը (ամբողջական կամ մասնակի շահագործումը) իրավական ակտերով վերապահված է (հանձնարարված է) «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը,

– գույքի որոշ տեսակներ հասկացությունը վերաբերվում է պետական սեփականություն հանդիսացող՝ պահպանման անհրաժեշտություն ունեցող և որևէ ձևով չօգտագործվող գույքին։

«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ 15.01.2018թ. կնքված N 03/0018 ոչ բնակելի տարածքի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագրի` նոր չափագրման և մակերեսների ճշտման արդյունքում կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Զաքյան 10 հասցեում գտնվող վարչական շենքից 499.81 քառ.մետր ընդհանուր մակերեսով տարածք, որից՝ 3-րդ հարկից 214.33 ք.մ և 4-րդ հարկից 285.48 ք.մ: Սույնով պայմանավորված նախատեսվում է Նախագծով փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 13.05.2004թ. թիվ 689-Ն որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել