Ովքե՞ր ունեն ժամանակավոր անաշխատունակության նպաստի իրավունք

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքը սահմանում է, որ նման նպաստների իրավունք ունեն`

1) գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ).

2) անհատ ձեռնարկատերերը, նոտարները (այսուհետ` ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք):

Անձը նպաստի իրավունք ունի սույն օրենքով սահմանված պայմանների բավարարման և օրենքով սահմանված կարգով ու չափով պարտադիր սոցիալական ապահովության վճարներ (այսուհետ` սոցիալական վճարներ) կատարած լինելու դեպքում:

Նպաստները տրվում են, եթե դրանց ստանալու իրավունքն առաջացել է աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու կամ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ նոտարի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Նպաստը տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի` սույն օրենքով սահմանված օրերի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիրը լուծելը (աշխատանքից ազատվելը), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը (անկախ լուծվելու հանգամանքից), կամ օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը կամ նոտարի պաշտոնավարման ավարտը (գործունեության դադարեցումը):

Եթե անձը նույն ժամանակահատվածի համար ձեռք է բերել սույն օրենքով սահմանված մեկից ավելի տեսակի նպաստի իրավունք, ապա նրան նշանակվում և վճարվում է իր ընտրած մեկ տեսակի նպաստ:

Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը հաշվարկվում, նշանակվում և վճարվում է յուրաքանչյուր գործատուի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից` անկախ մյուսների կողմից նպաստը նշանակելու և վճարելու հանգամանքից:

Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը սույն օրենքով սահմանված նպաստի իրավունք ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հավասար` օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարներ կատարած լինելու դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել