Անդրադառնալով մամուլում տարածված «Հրդեհի հետեւանքները առողջապահության նախարարությանը չի մտահոգել» վերնագրով հոդվածին հայտնում ենք, որ 2019 թվականի օգոստոսի 24-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքի հրդեհի հետ կապված մթնոլորտային օդի հետազոտությունների վերաբերյալ տվյալներ առողջապահության նախարարությանը հասանելի են դարձել համացանցից՝ 2019 թվականի օգոստոսի 27-ին, երբ հրդեհը մարվել է 2019 թվականի օգոստոսի 25-ին:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հարկ է նշել, որ համաձայն Կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 762-Ն որոշման՝ հետազոտությունների արդյունքները 24 ժամվա ընթացքում ներկայացվում են առողջապահության նախարարություն: Այսպիսով` առողջապահության նախարարությանը հրապարակված տվյալները հայտնի դառնալու պահին կորցրել են իրենց կարևորությունը, քանի որ տվյալների հրապարակման օրը հրդեհն արդեն իսկ մարված է եղել, իսկ աղտոտումը` ցրված:
Միաժամանակ, հրապարակված տվյալները հնարավորություն չեն ընձեռում գնահատելու վտանգավորության աստիճանը և հանդես գալու համատեղ հաղորդագրություններով (շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների համաձայն՝ Կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 1186-Ն որոշման), քանի որ վերջինիս գնահատման համար անհրաժեշտ է վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտման մասին տեղեկատվություն՝ իրենց ազդեցության ժամանակահատվածի համար:
Հաշվի առնելով, որ հրդեհը մարվել է մինչև 22 ժամ, և վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտման բարձր մակարդակները չէին կարող պահպանվել անընդհատ, ապա հրդեհից առաջացած վնասակար նյութերի հնարավոր ազդեցությունը հարակից բնակավայրերի բնակիչների առողջության վրա կլիներ աննշան (միայն՝ ծուխ և հոտ)` առանց առողջական վիճակի նշանակալի փոփոխության: