Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում այսօր տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մամուլի հրապարակումներում տեղ գտած ձևակերպումները, թե դպրոցում «սննդի ապահովման հասցեատերը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է» թյուրիմացություն է:
Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ որևէ իրավասություն չունի միջամտելու ԿԳՍՄ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի գործունեությանը՝ այդ թվում՝ ֆինանսական հատկացումների մասով:
Միևնույն ժամանակ, եթե դպրոցում կան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ, նրանք կարող են դիմել սոցիալական աջակցության համապատասխան կառույցներ և ստանալ անհրաժեշտ աջակցություն կամ ծառայություններ:
Կիսելով համընդհանուր ներառման գործընթացի արդյունավետության հետ կապված մտահոգությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ԿԳՍՄ նախարարությանը՝ առկա խնդիրների վերաբերյալ քննարկում իրականացնելու առաջարկով: