Ե՞րբ օդանավի հրամանատարը կարող է կիրառել ուժային միջոցներ․ օրենքը սահմանում է

«Ավիացիայի մասին» օրենքի 37-րդ հոդվածի համաձայն՝ օդանավի հրամանատարն իրավունք ունի ընդունելու վերջնական որոշում՝ վերթիռի, թռիչքի, վայրէջքի, ինչպես նաև թռիչքի դադարեցման, վերադարձի և հարկադրված վայրէջքի վերաբերյալ, եթե կա թռիչքի անվտանգությանն սպառնացող անմիջական վտանգ:

Օդանավի անձնակազմի անդամները պարտավոր են կատարել հրամանատարի, իր իրավասության սահմաններում, սահմանված կարգով տրված հրամանները՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք ընդգրկում են նրանց անմիջական պարտականությունները, թե ոչ:

Օդանավի ուղևորները պարտավոր են կատարել թռիչքային և ավիացիոն անվտանգության ապահովման կարգը պահպանելու վերաբերյալ հրամանատարի հրամանները:

Օդանավի հրամանատարը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի արգելելու օդանավի ուղևորների կամ այլ անձանց մուտքն օդանավ և պահանջելու, որ նրանք լքեն օդանավը:

Օդանավի հրամանատարը անհրաժեշտության դեպքում իրավունք ունի արգելելու օդանավի բեռնավորումը կամ որոշում կայացնելու օդանավի բեռնաթափման մասին ինչպես գետնի վրա, այնպես էլ օդում:

Օդանավի հրամանատարն իրավունք ունի օգտագործելու բոլոր միջոցները, ընդհուպ մինչև ուժային, եթե իրավիճակն այլ կերպ չի հարթվում օդանավում սահմանված կարգը պահպանելու և կանխելու համար օդանավին կամ դրանում գտնվող մարդկանց կամ գույքին սպառնացող վտանգը, եթե օդանավն աղետալի, վտանգավոր կամ վթարային իրավիճակում է, կամ եթե օդանավում գտնվող անձը վտանգում է օդանավը կամ դրա թռիչքային ու ավիացիոն անվտանգությունը:

Օդանավի անձնակազմի յուրաքանչյուր անդամ պարտավոր է աջակցել օդանավի հրամանատարին՝ օդանավում սահմանված կարգը, ապահովությունը և անվտանգությունը պահպանելու համար: Օդանավի ուղևորները նույնպես կարող են ցուցաբերել նման աջակցություն, եթե դա պահանջի օդանավի հրամանատարը՝ օդանավի անձնակազմի ցանկացած անդամի միջոցով: Նման դեպքերում օդանավի անձնակազմի անդամները և ուղևորները, ինչպես նաև օդանավի հրամանատարը կարող է կիրառել ուժային միջոցներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել