Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով:
Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:
Գործող կարգավորմամբ կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները): ՖԱԹՖ-ի 8‑րդ հանձնարարականի 8.3 կետի համաձայն՝ երկրները պետք է ունենան հստակ քաղաքականություններ բոլոր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկությունը, ամբողջականությունն ու դրանց նկատմամբ հանրային վստահությունը խթանելու համար:
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվել է, որ կազմակերպության գործունեության սկզբունքներից է հաշվետվողականությունը: Ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել հանրային միջոցները, հաշվետվություն հրապարակելու պարտավորություն չունեն և արդյունքում բացակայում է հանրային հաշվետվողականությունը: Առկա է նաև տարընթերցում, արդյո՞ք հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ միայն ստացված հանրային միջոցների հաշվին իրականացված ծրագրերի, թե կազմակերպության ողջ գործունեության վերաբերյալ: Օրենքի 24-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:
Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը հաշվետվությունում ներկայացնում է անդամների և կամավորների թիվը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում ներկայացվում է առնվազն մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկատվություն և կորցնում է արդիականությունը: Նախագծով նախատեսվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:
Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ): Նախագծով նախատեսվում է սահմանել կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը և կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:
Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կառավարությանը ենթակա մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե:
Առաջարկվող փոփոխությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում նշված լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված անվանմանը: