Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով:
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործող կարգավորմամբ հիմնադրամները պարտավոր են հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/։ Նշված գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու նպատակով, Նախագծով նախատեսվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում՝ հնարավորություն տալով հիմնադրամներին անվճար հրապարակելու հաշվետվությունները։
Առաջարկվող փոփոխությունների համար հիմք են հանդիսացել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանի, ինչպես նաև հիմնադրամների կողմից օրենքի գործող կանոնակարգումների վերաբերյալ ներկայացված խնդրահարույց հարցադրումները:
Օրենքի գործող կարգավորմամբ հիմնադրամները պարտավոր են հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում http://www.azdarar.am/։ Նշված գործընթացն առավել դյուրին ու ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու նպատակով, Նախագծով նախատեսվում է հաշվետվությունները հրապարակել դրանց համար նախատեսված համակարգում՝ հնարավորություն տալով հիմնադրամներին անվճար հրապարակելու հաշվետվությունները։
Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հիմնադրամների համար նախատեսված է համացանցի http://www.azdarar.am/ կայքում հրապարակված հաշվետվությունից բացի, հիմնադրամների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնին փաստաթղթային ծանուցում ներկայացնելու լրացուցիչ պահանջ, մասանավորապես՝ հիմնադրամները օրենքով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին։ Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին այդ մասին չծանուցելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։
Նախագծով օրենքի 38-րդ հոդվածից նախատեսվում է հանել հաշվետվությունը վերահսկողություն իրականացնող մարմին ներկայացնելու պարտադիր պահանջը, ինչպես նաև համապատասխան փոփոխություն է նախատեսվում կատարել Օրենքի 39-րդ հոդվածում, համաձայն որի հիմնադրամները տարեկան գործունեության վերաբերյալ հաշվետվությունները պետք է հրապարակեն Պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակված հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգում, իսկ մինչև հիմնադրամների կողմից հրապարակվող հաշվետվությունների համար նախատեսված համակարգի շահագործումը, հիմնադրամների կողմից հաշվետվությունները կշարունակեն հրապարակվել http://www.azdarar.am/ կայքում:
Օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածներում որպես լիազոր մարմին նշված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կառավարությանը ենթակա մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե: Առաջարկվող փոփոխությամբ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում նշված լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված անվանմանը: