Անտուն ընտանիքները կարող են ապրել միայնակ տարեցների տանը՝ նրանց խնամելու դեպքում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել «Խնամատար ընտանիքի կողմից տարեցին՝ նրա տանը խնամքի ծառայություններ մատուցելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Նպատակը խնամքի կարիք ունեցող միայնակ տարեցներին, որոնք ունեն բնակարան, սակայն չունեն օրենքով նախատեսված խնամողներ, խնամքի ծառայությունների մատուցումն է իրենց տանը՝ խնամատար ընտանիքի կողմից:

Խնամատար ընտանիքը պետք է չունենա սեփականության կամ համասեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարան և պետք է բնակվի միայնակ տարեցի տանը և խնամի նրան:

Նշվում է, որ ծառայությունը շահավետ է երկուսի համար. տարեցն ստանում է իրեն անհրաժեշտ խնամք, իսկ ընտանիքը՝ առանց բնակարնի համար վարձ վճարելու՝ բնակվելու հնարավորություն՝ տարեց տանտիրոջը խնամելու պայմանով: Այս ծառայության շահառուների ընտրությունը, նրանց կարիքների գնահատումը իրականացնում է սոցիալական աջակցության տարածքային մարմնի սոցիալական աշխատողը (դեպք վարողը) և ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով ստեղծվող գնահատող հանձնաժողովը:

Պայմանագրում պետք է մանրամասն նշվեն տարեցի և ընտանիքի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև պայմանագրի լուծման հնարավոր բոլոր դեպքերը: Որպես ծրագրի երաշխավոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, հանձինս` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումից հետո, առաջին տարվա ընթացքում որոշմամբ սահմանված ծառայություններից կօգտվի առնվազն 50 տարեց, իսկ հետագայում, նախտեսվում է, որ այդ թիվը կկրկնապատկվի, իսկ դա կնպաստի խնամքի ծառայությունների՝ կառավարության որդեգրած ապաինստիտուցիոնալացման գործընթացին:

Այս գործընթացը լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել