Ընտանեկան դրամագլուխը, մինչև հաշվետիրոջ (հաշվետերն այն երեխան է, ում անվամբ բացվել է պետական աջակցության հաշիվը) 18 տարին լրանալը, անկանխիկ վճարումներ կատարելու միջոցով տնօրինվում է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից` բացառապես`
1) Հայաստանի Հանրապետությունում բնակարանի, բնակելի տան գնման, կառուցման համար տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկառուն հաշվետիրոջ ծնողն է (բացառությամբ խնամակալի).
2) հաշվետիրոջ կամ հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամի, հաշվետիրոջ ծնողի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշմամբ սահմանված ուսումնական հաստատությունում ուսումնառելու ընթացքում ուսման վարձը (նախադպրոցական ուսումնական հաստատության վարձավճարը) վճարելու համար.
3) հաշվետիրոջ ծնողին (բացառությամբ խնամակալի) տրամադրված վարկի տոկոսագումար վճարելու և մայր գումար մարելու համար, եթե վարկի տոկոսադրույքը մասնակի սուբսիդավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի համաձայն և առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի եզրակացությունը վարկը նպատակային օգտագործելու վերաբերյալ.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի N 1017-Ն որոշմամբ սահմանված հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ, Լոռու մարզի Եղեգնուտ, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Իծաքար բնակավայրերում բնակարանի կամ բնակելի տան կամ այլ անշարժ գույքի (այսուհետ՝ գույք) գնման համար, եթե գնորդը հաշվետիրոջ ծնողն է` բացառությամբ խնամակալի (գումարը գույք վաճառողի բանկային հաշվին փոխանցելու միջոցով).
5) ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական կամ միանվագ վճարումներ կատարելով` ամսական 50000 դրամից ոչ ավելի:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի թույլտվությամբ, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլուխը կարող է ծախսվել հաշվետիրոջը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամին, հաշվետիրոջ ծնողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված համավճարը վճարելու համար, եթե դիմելու օրվա դրությամբ հաշվետերն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքի կազմում և հաշվետերը, հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված ընտանիքի անդամը, հաշվետիրոջ ծնողը չունեն այդ բժշկական օգնությունը պետական պատվերի կամ բժշկական ապահովագրության շրջանակներում ձեռք բերելու իրավունք:
Ծնողը ձեռք է բերում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք, եթե բնակվում է (հաշվառված է) հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում:
Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը դադարում է`
1) նոր ծնված երեխայից հրաժարվելու դեպքում.
2) եթե հաշվետերը տեղավորվում է բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) կամ ձեռք է բերում առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ.
3) նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներից մեկի` բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում.
4) հաշվետիրոջ 18 տարին լրանալու դեպքում.
5) եթե նախկինում Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրի հասցեում հաշվառված` ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողը և հաշվետերը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի տարբեր հասցեներում.
6) եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.
7) եթե ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինվելու վերաբերյալ:
Հաշվետերն իրավունք ունի առանց սահմանափակումների տնօրինելու ընտանեկան դրամագլուխը` 18 տարին լրանալուց հետո:
Հաշվետիրոջ` մինչև 18 տարին լրանալը մահանալու (դատական կարգով մահացած ճանաչվելու) դեպքում ընտանեկան դրամագլուխը, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցողի դիմումի հիման վրա, փոխանցվում է հաշվետիրոջ կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված` հաշվետիրոջից հետո հերթական կրտսեր` դիմելու օրվա դրությամբ 18 տարին չլրացած երեխայի (նույն օրը ծնված երեխաներից մեկի) անվամբ բացված պետական աջակցության հաշվին: