Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին նախագիծ: Նախատեսվում է, կարգավորվելու են ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներով տուժած քաղաքացիների առողջության պահպանմանը և սոցիալական պաշտպանությանն առնչվող հարցերը, մասնավորապես՝ սոցիալական երաշխիքներ է սահմանվելու նաև քաղաքացիական անձանց համար, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչն ավելի խրախուսելի և գնահատանքի արժանի հանգամանք է: Մինչ այժմ այս խմբին պատկանող անձինք դուրս էին մնացել իրավական կարգավորումներից: Օրենքի նախագծով նախատեսվել է նաև ամենամսյա դրամական օգնություն, որի չափը սահմանվել է նվազագույն կենսաթոշակի տրամաբանությամբ:
Սույն օրենքի ընդունումը բխում է ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների միջև 1994 թ. սեպտեմբերի 9-ին կնքված (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 1995 թվականի օգոստոսի 11-ին) «Չեռնոբիլյան և այլ ռադիացիոն աղետների ու վթարների, ինչպես նաև միջուկային փորձարկումների արդյունքում ռադիացիայի ներգործությանը ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության և առողջության պահպանության մասին» Համաձայնագրի դրույթներից և ՉԱԷԿ-ի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքով տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունից:
1986թ. ապրիլի 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը մարդկության խոշորագույն տեխնածին աղետներից մեկն էր: Շուրջ 3000 հայորդիներ մեր հանրապետությունից մասնակցեցին այդ աղետի հետևանքների վերացման աշխատանքներին:Աղետի հետևանքների վերացման աշխատանքների 3000 մասնակիցներից 400-ը մահացել են, 1600-ից ավելին դարձել հաշմանդամություն ունեցող անձինք, ինչի արդյունքում ճառագայթված ծնողներից ծնվել են տարբեր արատներով հարյուրավոր երեխաներ:ԱՊՀ համարյա բոլոր երկրները վաղուց ընդունել են ՉԱԷԿ-ի մասնակիցների սոցիալական պաշտպանությանն առնչվող օրենք, բացառություն է կազմում Հայաստանը:
Օրենքի նախագծի ընդունման արդյունքում շուրջ 800 անձ կստանա ամենամսյա դրամական օգնություն, ինչը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բերալավմանը և կդիտարկվի որպես բարոյական փոխհատուցում այդ անձանց գործած աշխատանքային սխրանքի դիմաց, միաժամանակ, որոշակի արտոնություններից կօգտվեն նաև այն քաղաքացիական անձինք, ովքեր Չեռնոբիլ են մեկնել կամավորական հիմունքներով և աշխատանքային պայմանագրով, ինչպես նաև չեռնոբիլցիների երեխաների համար, ովքեր ծնվել են ճառագայթահարված ծնողներից և դրանով պայմանավորված՝ ձեռք բերել որոշակի հիվանդություններ: