Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է հավանություն տալ «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ստորագրմանը:
Կոնվենցիան անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործող հիմնական միջազգային փաստաթղթերից է, որը Հայաստանի համար ուժի մեջ է մտել 2012 թվականի սեպտեմբերի 1-ին: Միաժամանակ, Արձանագրությունը քննարկվել է Տվյալների պաշտպանության ad hoc կոմիտեի (CAHDATA) ժողովում, որն անցկացվել է 2016թ.-ի հունիսի 15-16-ին Ստրասբուրգում և հայտնի է որպես 108 կոնվենցիայի արդիականացման վերաբերյալ փաստաթուղթ կամ 108+Կոնվենցիա:
Միաժամանակ, Արձանագրությունը նախատեսում է ի թիվս այլնի հետևյալ կարևոր փոփոխություններն անձնական տվյալների պաշտպանության ոլորտում.
- նոր խմբագրմամբ Կոնվենցիան չի կիրառվում անհատի կողմից բացառապես անձնական կամ ընտանեկան գործունեության շրջանակներում իրականացվող անձնական տվյալների մշակման նկատմամբ (Արձանագրության հոդված 4),
- յուրաքանչյուր կողմ պարտավորվում է նոր խմբագրմամբ Կոնվենցիայի ուժով ստեղծված ԵԽ Կոնվենցիայի հանձնաժողովին գնահատել Կողմ համդիսացող պետության կողմից Կոնվենցիայով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունավետությունը՝ մասնավորապես Կոնվենցիայով նախատեսված կարգավորումները ներպետական օրենսդրության մեջ ամրագրելու տեսանկյունից: Յուրաքանչյուր կողմ պարտավոր է ակտիվորեն նպաստել Հանձնաժողովի կողմից գնահատման գործընթացի
իրականացմանը (Արձանագրության Հոդված 6),
- նոր խմբագրմամբ Կոնվենցիան սահմանում է նաև անձնական տվյալների պաշտպանության իրավունքի և այլ իրավունքների, այդ թվում՝ արտահայտվելու ազատության իրավունքի փոխհարաբերությունները (Արձանագրության հոդված 14),
- ըստ Կոնվենցիայի նոր խմբագրության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն իրավունք ունի անձնական տվյալների պաշտպանության կանոնների խախտման դեպքում կիրառել վարչական (ըստ Արձանագրության տեքստի՝ «ոչ դատական») պատասխանատվության միջոցներ (Արձանագրության հոդված 15),
- անձնական տվյալների անդրսահմանային հոսքը. նոր խմբագրմամբ Կոնվենցիայով նախատեսվում է, որ կողմ հանդիսացող պետությունը միայն անձնական տվյալների պաշտպանության նպատակներով չի կարող արգելել կամ հատուկ թույլտվության թույլատրել անձնական տվյալների փոխանցումը Կոնվենցիայի անդամ այլ պետություն, սակայն պետությունը կարող է արգելել կամ հատուկ թույլտվությամբ թույլատրել տվյալների փոխանցումը այլ անդամ պետություն կամ այլ անդամ պետությունից ոչ անդամ պետություն միայն այն դեպքում, երբ առկա է իրական և լուրջ/էական վտանգ, որ այդպիսի փոխանցումը կհանգեցնի Կոնվենցիայի դրույթների շրջանցման: Կողմը կարող է արգելել կամ հատուկ թույլտվությամբ թույլատրել տվյալների փոխանցումը, եթե նա պարտավոր է պահպանել միջազգային տարածաշրջանային կազմակերպության անձնական տվյալների պաշտպանության հարմոնիզացված կանոնները, որին անդամակցում է այդ պետությունը (Արձանագրության հոդված 17),
- անդամ պետության անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի անկախությունը. նոր խմբագրմամբ Կոնվենցիայի համաձայն՝ Անձնական տվյալների լիազոր մարմին(ներ)ը պետք է իրենց գործառություններն ու լիազորությունները իրականացնեն միանգամայն անկախ և անկողմնակալ և այդ կապակցությամբ չպետք է ընդունեն որևէ միջնորդություններ և ցուցումներ (Արձանագրության հոդված 19 (5)),
- յուրաքանչյուր կողմ պետք է նշանակի մեկ կամ մի քանի լիազոր մարմին, որոնց անվանումը և հասցեն, ինչպես նաև յուրաքանչյուրի իրավասությունը ներկայացնի ԵԽ գլխավոր քարտուղարին (Արձանագրության հոդված 21),
- նոր խմբագրմամբ Կոնվենցիայով Կոնվենցիայի հանձնաժողովը իրավունք է ստանում ուսումնասիրել անդամ պետությունների կողմից Կոնվենցիայի պահանջների կատարումը և տալ հանձնարարականներ (recommendations) Կողմին այդ պահանջների չպահպանման դեպքում: Նախկինում Հանձնաժողովը կարող էր ներկայացնել առաջարկություններ (proposals) (Արձանագրության հոդված 29):
Հաշվի առնելով, որ Կոնվենցիայի արդիականացված տարբերակն արտացոլում է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում եվրոպական իրավունքի զարգացման տենդենցները՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող արձանագրության ստորագրումը: