Ուսուցիչներն ուղղորդում են ծնողներին կոնկրետ դերձակների մոտ, ինչն անթույլատրելի է. փոխքաղաքապետ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:

Փոխանցելով քաղաքապետի ողջույնները՝ Տիգրան Վիրաբյանը հույս է հայտնել, որ 2019-2020թթ. ուսումնական տարվա ծրագրերի արդյունքը պետք է լինի ևս մեկ նշաձողով բարձր որակի կրթության ապահովումը:

Փոխքաղաքապետը նշել է, որ խնդիրներ մի մասը բարձրաձայնվել են նախարարության, նաև Երևանի ավագանու անդամների կողմից:

«Մենք բավական շատ բողոքներ ենք ստանում համազգեստներին առնչվող: Հատկապես նշում են, որ ուսուցիչներն ուղղորդում են ծնողներին կոնկրետ դերձակների մոտ, ինչն անթույլատրելի է: Համազգեստի ընտրությունը մեր դպրոցներում ազատ է: Խնդրում եմ սա ընդունեք ի գիտություն և բացառեք այդ երևույթը»,-ընդգծել է փոխքաղաքապետը:

Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է նաև դրամահավաքությանը և ընդգծել, որ ցանկացած դրսևորում անընդունելի է:

«Որոշ դպրոցներում, այսօր, այո, սկսել են որոշակի շարժեր տարբեր ձևաչափերով: Մենք պետք է իսպառ բացառենք մեր դպրոցներում դրամահավաքությունը: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ ահազանգերը կեղծ հիմքով են: Մենք հետևողականորեն գնում ենք այդպիսի յուրաքանչյուր ահազանգի հետքերով»,-նշել է քաղաքապետի տեղակալը:

Փոխքաղաքապետն անդրադարձել է նաև վարձակալությամբ տրվող տարածքների խնդրին: «Դպրոցների այն տարածքները, որոնք ներկայացվում են վարձակակալությամբ շատ դեպքերում հակասում են փաստացի զբաղեցրած տարածքներին: Օրինակ, 30 քմ տարածք է առաջարկվում տնօրինության կողմից վարձակալությամբ տալ, բայց հետագայում պարզվում է, որ վարձակալը փաստացի օգտագործում է շատ ավելի մեծ տարածք: Եթե նման դեպքեր արձանագրվեն, ապա իմացեք, որ հետագայում ոչ ոք տնօրենի փոխարեն պատասխան չի տալու: Դրա համար հստակ ուղարկեք մեզ այն տարածքները, որոնք վարձակալներն օգտագործելու են: Խնդրում ենք լինել ուշադիր, բոլոր գործարքները բերել իրավական դաշտ, որպեսզի առաջին հերթին լինեք պաշտպանված և հետագայում խնդիրներ չլինեն»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:
Խոսելով բուֆետների մասին՝ նշվել է, որ քաղաքապետարանը քննարկում է միասնական ծրագիր ներդրումը, որով դպրոցների բոլոր բուֆետները ձևավորմամբ, սպասքով և սննդի ցանկով կլինեն միանման, առանց կանխիկ դրամի շրջանառության, նաև՝ հատուկ բջջային հավելվածներով: Մինչ այդ դպրոցները կարող են պայմանագրեր կնքել առանձին կազմակերպությունների հետ՝ հետևելով սննդի ընտրության՝ առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին:

Արդեն սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ:

«Սա կլինի առաջին փորձնական ծրագիրը: Այստեղ մեծ անելիք ունեն ուսուցիչները: Աշակերտներին դասաժամերի ընթացքում պետք է բացատրել աղբի տեսակավորման կարևորությունը քաղաքի ու նաև երկրի համար: Պետք է խրախուսենք, որ երեխաները նաև տնից թուղթը բերեն: Տեսակավորված աղբը կտեղափոխվի առանձին կազմակերպությունների կողմից»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

Խորհրդակցության ժամանակ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ներկայացնելով նոր ուսումնական տարում նախատեսվող ծրագրերն ու բարեփոխումները, նշել է, որ համընդհանուր ներառման միջոցառումներ հատուկ դպրոցներն այսօր վերակազմակերպվում են մանկավարժական աջակցության կենտրոնների: Այս ընթացքում իրականացվել է 260 աշակերտի կրթական կարիքների գնահատում, ընտրվել են նաև այն դպրոցները, որտեղ այդ երեխաները կարող են շարունակել իրենց կրթությունը:

Ներառական կրթության մասին խոսելով՝ Տիգրան Վիրաբյանը նկատել է, որ այստեղ անելիքը ոչ միայն օրենքների պահպանումն է, այլ դպրոցներում համապատասխան մթնոլորտի ապահովումը, որպեսզի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները կարողանան լիարժեքորեն ներառվել նոր կրթօջախներում:

Աշակերտների հետաքրքրությունների և ստեղծագործական ներուժի բացահայտման նպատակով հանրակրթության վարչությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր: Դպրոցներում կհիմնվեն աշակերտական ակումբներ՝ գրական, բնապահպանական, նաև՝ մասնագիտական կողմնորոշման: Ուսումնական այս տարում առաջին անգամ կանցկացվի «Սթարթափ սամմիթ Երևանը»:

Երևանի քաղաքապետի տեղակալը նաև նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկում են այս ձևափաչով հանդիպումները դարձնել առավել հաճախակի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել