Օգոստոսի 15-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Սոնա Աղեկյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջների մասին:
Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին:
Դատարանը գտնել է, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հայցադիմումին կցվում են՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը.
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է՝ դրամական պահանջով՝ հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից :
Նույն հոդվածի «բ» կետով սահմանված կարգով ներկայացված պահանջով հայցադիմումի համար պետական տուրքը կազմում է՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:
Տվյալ դեպքում, հայցվորը ներկայացրել է դրամական /«Պարտավորեցնել Պատասխանողին որպես զրպարտության արդյունքում պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, հայցվորին վճարել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ»/ և ոչ դրամական /«Պարտավորեցնել Պատասխանողին հրավիրել մամուլի ասուլիս և հրապարակայնորեն հերքել զրպարտչական արտահայտությունները»/ պահանջներ, սակայն ներկայացրել է միայն դրամական պահանջի մասով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց, և, միաժամանակ, չի ներկայացրել միջնորդություն՝ ոչ դրամական պահանջի մասով պետական տուրքի վճարումը հետաձգելու, կամ այլ արտոնություն տրամադրելու վերաբերյալ: