Օգոստոսի 14-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները տեղեկություններ են ստացել մայրաքաղաքի ակումբներից մեկում տեղի ունեցող վիճաբանության և ծեծկռտուքի մասին։ Տեղում պարզվել էր, որ մի խումբ անձինք ակումբի հարակից տարածքում կատարում են խուլիգանական գործողություններ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։ Օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորություններն իրացնելով ոստիկանության ծառայողները խափանել են հասարակական կարգի խմբային խախտումը և առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել 5 անձի։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Բերման ենթարկված մի քաղաքացի գտնվելով ակնհայտ ոչ սթափ վիճակում, շարունակել է խուլիգանական գործողություններ կատարել նաև ոստիկանության բաժնում, այդ թվում՝ բարձրաձայն հայհոյանքներ տալով։
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է ՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։ Քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության։