Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սոցիալական երաշխիքների տրամադրման փոփոխություն է նախատեսվում. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման, սոցիալական երաշխիքների  մասին»   օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենսդրական նախագիծ:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ դատավորի պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը, մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա  «Պետական բյուջեի մասին» օրենքով: Օրենքով կենսաթոշակի չափը հաշվարկելու համար օրենքով կամ Կառավարության որոշմամբ սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքի` նախկինում սահմանված չափերից:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ընդունվել է ի կատարում Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1302 որոշման։ Միաժամանակ, անցումային խնդիրներին լուծում տալու նպատակով կարգավորվում են նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված՝ պետական պաշտոն զբաղեցրած անձանց մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը նշանակված կենսաթոշակները 2014 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի մասնագիտական ստաժի հիման վրա վերահաշվարկելու ժամկետների հետ կապված հարաբերությունները։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը շարունակելու է գործել մինչև 2019 թվականի հոկտեմբերի 30-ը՝ սահմանվում է, որ Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա վերահաշվարկված կենսաթոշակները շարունակում են վճարվել վերահաշվարկված չափով։ Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվարկվող կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը հաշվարկվում և վճարվում է Օրենքով սահմանված ընդհանուր կարգով և չափով:

Նախագիծն ընդունվելու դեպքում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին»  օրենքի իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. ՍԴՈ-1463 որոշման պահանջներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել