Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու երեք անձի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է:
Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:
2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 23։00-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երեք քաղաքացի։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Բժշկական կենտրոն տեղափոխված երեք անձինք ճանաչվել են տուժող:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Մասնավորապես՝ տուժողները մարմնական վնասվածքները ստացել են 2019թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում գործող ռեստորանային համալիրի հարևանությամբ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն ռեստորանի աշխատակից է, Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1989 թվականին: Վերջինս ձերբակալվել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: